Հարցին, թե` կրո՞ւմ է արդյոք Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի կյանքի պատասխանատվությունը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է. «Մեր կյանքը տրված է Աստծուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարող պատասխանատվություն կրել որևէ մեկի կյանքի համար»:
Վարչապետի խոսքով, ինքը չի կարող մանրամասն խոսել Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին, քանի որ բժիշկ չէ և չգիտի, թե ինչի կարիք ունի երրորդ նախագահը։
«Մի բան գիտեմ, որ եկել է, ու հեղափոխություն է կազմակերպվել, արյունահեղություն է կազմակերպվել…
Նրան բանտ նստեցնելու օրվանից նրա պատրանքներն այն էին, որ մեկ շաբաթից դուրս կգա, հետո մեկ ամսից, երկու ամսից… Նա ինքն իրեն հավատում էր, որ այնքան լավ է «խաղում» և բոլորին խաբում` մտածելով, որ բոլորը կհավատան, թե` իբր, սովամահ է լինում, հիվանդ է, որ ազատեն բանտից։ Սա, իհարկե, չի լինելու և չի կարող լինել։ Մենք օրինական պետություն ենք, և թույլ չենք տա, որ որևէ մեկը իրեն օրենքից վեր դասի»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ըստ Ղարիբաշվիլիի՝ պետությունն անում է և անելու է ամեն ինչ՝ բոլոր բանտարկյալների սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար։
Ղարիբաշվիլին հավելել է՝ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» չի կարող Սաակաշվիլիի հարցով անկարգություններ կազմակերպել։