Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր երեք կուսակցություններ՝ «Գիրչի՝ ավելի շատ ազատություն»–ը, «Ռազմավարություն Աղմաշենբելիի»–ն և «Ժամանակն է»–ն, համատեղ հայտարարություն են տարածել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին։
Նրանք կարծում են, որ Սաակաշվիլիի առողջական վիճակը հասել է կրիտիկական սահմանագծի, և ստեղծված իրավիճակում միակ ճիշտ որոշումը նրան պատժից ազատելը և արտերկիր ուղարկելն է` բուժման նպատակով։
«Նման որոշման հետաձգումը կարող է նրա առողջությանն անդառնալիորեն վնասել կամ մահվան հասցնել։ Այս խնդրի լուծումը դուրս է ցանկացած քաղաքական կուսակցության ներքին օրակարգից և վերաբերում է մարդու կյանքին և առողջության պաշտպանությանը, հանրային միասնությանը և կայունությանը, որոնք հնարավոր է լուծել միայն միասնական ջանքերով», — ասված է հայտարարության մեջ։
Երեք քաղաքական կուսակցությունները հայտարարել են, որ դեկտեմբերի 8-ին հանդիպելու են «Ազգային շարժման» հետ՝ քննարկելու Միխեիլ Սաակաշվիլիի հարցը և դրա շուրջ գործողությունների ընդհանուր ծրագիրը։