Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) ղեկավար Մարեկ Շչիգելն ավարտում է իր գործունեությունը, հայտնում է Վրաստանի կառավարության ֆեյսբուքյան էջը:
Ըստ տեղեկության՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Շչիգելի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Շիգելին՝ առաքելության արդյունավետ աշխատանքի և կատարված գործունեության համար։
«Նշվել է, որ օկուպացիոն գծի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելությունը կանխում է լարվածության աճը և նպաստում տեղում անվտանգության ապահովմանը։
Ընդգծվել է, որ EUMM-ը միակ միջազգային առաքելությունն է, որը հագեցած է մոնիտորինգի մանդատով։ Նշվել է, որ Եվրամիության այլ արժեքավոր գործիքների հետ Վրաստանում դիտորդական առաքելության ներկայությունը հստակորեն արտացոլում է Եվրամիության կարևոր դերը 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի հետևանքների դեմ պայքարում և հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը մասնակցել է Եվրամիության դիտորդական առաքելության քաղաքական խորհրդական Ջորջ Սանդին։