Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան 2021 թվականի հուլիսի 5-ի գործի քննությունը համարել է անարդյունավետ այն պատճառով, որ դատախազությունը որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել հանցավոր խմբի կազմակերպման ու ղեկավարման համար:
Ըստ Լոմջարիայի՝ դատարան բերված գործերով կայացված որոշումները կոնկրետ դեպքերում անհամապատասխան են և չհիմնավորված։
«Ուսումնասիրված գործի նյութերից երևում է, որ հուլիսի 5-ի գործով անցկացված քննությունը չի համապատասխանում արդյունավետ քննության չափանիշներին, փորձաքննությունը կատարվել է ուշ, իրեղեն ապացույցները ձեռք են բերվել ուշ։
Դատախազությունը հաշվի չի առել հանրային պաշտպանի առաջարկը, և կոնկրետ անձի մեղադրանք չի առաջադրվել խմբակային բռնություն կազմակերպելու և ուղղորդելու համար, ինչն էլ դարձել է խմբակային բռնության մեղադրանքով 14 անձի արդարացման հիմնական պատճառը։
Դատախազությունն անտեսել է նաև սեփականության իրավունքի խախտման առանձին դեպքերը և նման փաստերի հետ կապված համապատասխան մեղադրանքներ չի ներկայացրել»,- ասված է հանրային պաշտպանի զեկույցում:
Ըստ զեկույցի՝ դատարանը խախտել է նաև պատժի անհատականացման սկզբունքը՝ պատիժը որոշելիս հաշվի չառնելով նախկինում կատարված հանցագործությունների փաստերը և հանցագործություն կատարողի բնութագիրը:
Հիշեցնենք՝ 2021 թվականի հուլիսի 5-ին Թբիլիսիում նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը ծայրահեղական խմբերի դրսևորած քայլերն էին՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշը պատռելու դեպքեր: