Նախկինում միայն տնային տնտեսուհի, ներկայում նաև ձեռնարկատեր 57-ամյա Գյուլնարա Էլիզբարյանի ամուսինն արդեն 14 տարի է ընտանիքի համար ապրուստի միջոցը գտնում է ծննդավայր Կարտիկամ գյուղից (Ախալքալաքի շրջան) դուրս՝ իր հետ տանելով նաև որդուն: Էլիզբարյանը սկսել է իր բիզնեսը (կարուձևի արհեստանոց)` ակնկալելով թեթևացնել ընտանիքի ֆինանսական հոգսը, որպեսզի ամուսինը ստիպված չլինի մեկնել Ռուսաստան արտագնա աշխատանքի` թողնելով ընտանիքը:
Տեղում աշխատանք գտնելը բարդ է, գործազրկությունը շուրջ 15% է: Զբաղվածությունն էլ սահմանափակ ոլորտներում է, բնակչության հիմնական մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, որը տեղացիների խոսքով կայուն եկամուտ չի ապահովում, կախված է բերքատվությունից, պահանջարկից, մի շարք այլ հանգամանքներից: Ազդեցիկ գործոն են նաև կլիմայական անբարենպաստ պայմանները․ բարձրլեռնային այս շրջանում ձմեռը տևում է 8 ամիս։
Վրաստանի հարավային մասում գտնվող Սամցխե-Ջավախեթիում տղամարդկանց 60-65 տոկոսն աշխատանք գտնելու նպատակով տարվա 8-9 ամիսը` փետրվար-մարտից մինչև նոյեմբեր-դեկտեմբերն անց է կացնում Ռուսաստանում: Կանայք հայտնվում են սոցիալ-հոգեբանական և ֆիզիկական դժվարությունների առջև. տնային աշխատանքից և երեխաների խնամքից զատ իրենց ուսերին են վերցնում նաև հողագործությամբ և անասնապահությամբ զբաղվելը:
Գյուլնարա Էլիզբարյանը «Ալիք մեդիայի» հետ զրույցում հուզմունքով նշեց, որ արտագնա աշխատանքի մեկնելը խիստ բացասաբար է անդրադառնում և՛ կնոջ, և՛ ամուսնու վրա։ Ամուսինը ստիպված է լինում ընտանիքից հեռու օր ու գիշեր աշխատել, իսկ կինը` ամիսներ շարունակ կարոտով սպասել ամուսնուն։
«Արտագնա աշխատանքի գնալու ցասումը զգացել ու զգում եմ կաշվիս վրա․ կարոտում ես, մենակ ես զգում: Հասկանում ես, թե հեռավորությունը որքան բացասաբար է ազդում նաև երեխաների վրա, քանի որ մանկության մեծ մասն անցնում է առանց հոր ներկայության: Առանձնապես վատ է անդրադառնում երիտասարդ զույգերի վրա, նրանք դեռևս չեն հասցնում իրար հետ ապրել, երբ ամուսինը ստիպված է լինում բռնել խոպանի ճանապարհը», — նշում է էլիզբարյանը` հավելելով, որ իր ամուսնացած երիտասարդ որդին ևս մեկնում է Ռուսաստան` գյուղում թողնելով կնոջն ու երեք մանկահասակ երեխաներին:
Հոգեբան Մարինա Կաճավան, որ մի շարք նախագծերի շրջանակներում հնարավորություն է ունեցել ուսումնասիրել Ջավախեթիի բնակիչների հոգեբանությունը, հաստատում է, որ տղամարդկանց երկարաժամկետ բացակայությունը տնից անդրադառնում է ընտանեկան առողջ հարաբերությունների վրա: Հատկանշական է, որ ընտանիքը կանգնում է ռիսկերի առաջ, որոնցից ամենաբացասականը բաժանումն է:
«Կարելի է ասել արտագնա աշխատանքը բաժանում է ընտանիքները, ամուսինն առանձին է ապրում երկար ժամանակ, կինը՝ առանձին։ Հեռավորությունը երբեմն դառնում է ցավագին իրադարձությունների շարժառիթ։ Անգամ սիրող զույգերն են ամուսնալուծվում` հեռու ապրելու պատճառով», — նշում է Կաճավան։
Հոգեբանի խոսքով, կինը բարդ հոգեբանական վիճակում կարող է հայտնվել հատկապես հղիության ընթացքում, երեխայի ծնվելու ժամանակ և նրա զարգացման առաջին տարիներին:
Սոցիալական աշխատող, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Նինո Ջգարկավան ասում է, որ Սամցխե-Ջավախեթիում տնտեսական իրավիճակի պատճառով ընտանիքի ծանր բեռը ուսերին տանող կանայք զրկված են առաջընթացի հնարավորությունից.
«Խնամքի տնտեսությունը ներառում է չվարձատրվող, չվճարվող աշխատանք, որը փաստացի զրկում է կանանց ինքնազարգացման վրա կենտրոնանալու հնարավորությունից»:
Կանանց իրավունքների պաշտպանության և զբաղվածության խթանման ուղղությամբ զբաղվող «Առաջ դեպի նոր հնարավորություններ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Լյոլյա Ռայիսյանն ասում է` կանանց համար բազմաթիվ ծրագրեն են իրականացնում, որպեսզի նրանք որոշակի ֆինանսական ինքնուրույնություն ու կայունություն ձեռք բերեն: Օրինակ նոր արհեստներ, հմտություններ են սովորեցնում` համակարգչային տեխնոլոգիաներին տիրապետել, կարուձև, ֆուրշետ և այլն։ Ռայիսյանի հավաստմամբ, ծրագրի շրջանակներում ստացած հմտությունների շնորհիվ մասնակից կանանց 90 տոկոսը կարողանում է հետագայում գումար աշխատել։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրամիության կողմից իրականացված Ախալքալաքի մունիցիպալ գնահատման զեկույցում նշված է, որ Էթնիկ փոքրամասնությունների սոցիալական ինտեգրմանը նպաստելու համար անհրաժեշտ է պետական լեզվի՝ վրացերենի իմացություն։ Հայաբնակ Ախալքալաքում վրացերենին չտիրապետելը նաև գործազրկության հիմնական պատճառներից մեկն է։ Միևնույն ժամանակ զեկույցն արձանագրում է, որ կենցաղային աշխատանքը՝ տուն մաքրելը, լվացք անելը, սնունդ պատրաստելը, ընտանիքի անդամների, երեխաների մասին հոգ տանելը կանանց, մինչդեռ տնից դուրս գործունեությունը՝ տղամարդու պարտականությունն է: Կարևոր որոշումները հիմնականում կայացնում են տղամարդիկ, հենց նրանց էլ դեռ պատկանում է «ընտանիքի ղեկավարի կարգավիճակը»: