Ֆրեյա միությունը՝ Ալիք Մեդիայի հետ համագործակցությամբ, «Ապահով եղիր օնլայն տարածքում» նախագծի շրջանակներում ներկայացնում է հոդվածաշար, որոնք արծարծում են այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ կիբերհարձակումը և դրա հետ կապված սպառնալիքները, սեռական ոտնձգություններն ու շանտաժը առցանց տարածքում, կիբերբուլինգի հիմնական ձևերն ու ուղիները:
Մեզ պատասխանողը սոցիալական աշխատող Նելի Գվարաձեն է. նա երեխաների և կանանց իրավունքների ոլորտում գործունեության մեծ փորձ ունի:
Ի՞նչ չափերի է հասնում կիբերհարձակումը Վրաստանում աղջիկների համար և ի՞նչ վտանգներ է պարունակում
Կիբերհանցագործությունը մեր իրականության մարտահրավերներից է, որը բազմաթիվ վտանգներ է պարունակում աղջիկների համար։ Անչափահաս, դեռահաս աղջիկը կարող է ներգրավվել սեռական աշխատանքի մեջ, դառնալ այլասերված արարքների կամ սեռական բռնության զոհ: Դրանից բացի, այս խնդրի մասին խոսելիս, հավանաբար, բոլորս հիշում ենք, այսպես կոչված, «Կապույտ կետ» խաղը, որը բազմաթիվ դեռահասների հոգեզգայական վիճակը սրեց, իսկ մեր հասարակության մեջ զգալիորեն ավելացել են ինքնասպանության նմանակման փորձերի դեպքերը։
Ինչպե՞ս կարող են դեռահաս աղջիկները պաշտպանվել կիբերհարձակումից
Անչափահաս աղջիկների շրջանում կիբերհանցագործությունների զոհերի թիվը նվազեցնելու համար կարևոր է դեռահասների իրազեկումը նշված խնդրի վերաբերյալ, որպեսզի նրանք կարողանան ճանաչել վերը նշված անօրինական գործողություններին ուղեկցող ցուցիչ ազդանշանները։ Անհրաժեշտ է, բացի դեռահասներից, բարելավել նաև նրանց օրինական ներկայացուցիչների իրազեկվածությունը, քանի որ կիբերհանցագործությունների դեպքում նրանք ամենաառաջին աջակցողներն են աղջիկներին։
Ի՞նչ խորհուրդ կտաք կիբերհարձակման զոհ դարձած աղջիկներին
Հարկավոր է սոցիալական ցանցերի միջոցով հնարավորինս քիչ շփվել անծանոթների հետ։ Սոցցանցերում վիրավորական լուսանկարներ կամ տեսանյութեր տեղադրելու, անպարկեշտ լուրեր տարածելու, վնասակար կարճ տեքստային հաղորդագրություններ ուղարկելու, սոցիալական ցանցերում ուրիշների անունով էջեր և հաշիվներ ստեղծելու առաջին իսկ փուլից անհրաժեշտ է տեղեկացնել ծնողներին ու ընտանիքի չափահաս անդամներին, որպեսզի նրանք համապատասխան ձևով արձագանքեն և ներգրավեն իրավապահներին։ Կիբերհարձակման ժամանակ չպետք է պատասխանել արված որևէ հաղորդագրության կամ գրառման` անկախ այն հանգամանքից, թե որքան սխալ կամ վիրավորական է դա: Պատասխանը միայն կսրի իրավիճակը և կառաջացնի այն արձագանքը, որը նախատեսել էր բռնացող: Այս պահին կարևոր է, որ ինքներս չդառնանք բռնացող։