Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարարությունը և Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը միացել են կանանց նկատմամբ բռնության դեմ արշավին:
Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ քարոզարշավի շրջանակներում առողջապահության փոխնախարար Թամիլա Բարկալաիան և ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն տեղեկատվական հանդիպում են անցկացրել բռնության զոհ դարձած կանանց հետ։
Ըստ հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել են բռնության ենթարկված կանանց առջև ծառացած մարտահրավերները։ Նրանք նաև տեղեկություն են տրամադրել պետական աջակցության ծառայությունների մասին:
«Հանդիպման մասնակիցները տեղեկացվել են իրենց իրավունքների և գենդերային հավասարության խնդիրների մասին, ուշադրությունը կենտրոնացվել է կանխարգելիչ միջոցառումների վրա։ Միջոցառումն անցկացվել է ինտերակտիվ ռեժիմով։
Թրաֆիքինգի զոհերի պետական խնամքի և աջակցության գործակալության տնօրեն Մերի Մագլափերիձեն խոսեց պետական ծառայությունների և բռնության զոհերի ապագա ծրագրերի մասին, իսկ Զբաղվածության խթանման պետական գործակալության տնօրեն Նինո Վելթաուրին կենտրոնացավ զբաղվածության խթանման պետական ծրագրերի վրա»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն, արշավի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը կանանց և ընտանեկան բռնության դեմ: Բռնության ենթարկված կանանց համար տեղեկատվական հանդիպումն անցկացվել է ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության աջակցությամբ: