Reuters լրատվական գործակալությունը «Զինվորական ծառայությունից խուսափած ռուսները չեն շտապում հետ դառնալ Վրաստանից» վերնագրով հոդված է հրապարակել:
«Մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց, որ ավարտել է Ուկրաինայում շարունակվող պատերազմի համար զորահավաքի գործընթացը, զինծառայությունից խուսափելու համար հարևան Վրաստան փախած տղամարդիկ ասում են, որ չեն շտապում վերադառնալ տուն»,- գրել է Reuters-ը։
Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանը զորահավաք է հայտարարել սեպտեմբերի 21-ին Ուկրաինայի մարտի դաշտում գրանցված անհաջողություններից հետո, որոնց պատճառով հարյուր հազարավոր տղամարդիկ, ռազմաճակատից խուսափելու համար, մեկնել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Վրաստանը, Հայաստանն ու Ղազախստանը։
Reuters-ը նշել է, որ այս տարի ավելի քան 110 հազար ռուսաստանցի է փախել Վրաստան։
Reuters-ը հավելել է, որ ռուսների ներհոսքը Վրաստան առաջացրել է ոչ միայն տնտեսական խառնաշփոթ, նաև հարուցել է բնակչության զայրույթը, քանի որ այդտեղ հակառուսական տրամադրություններն են իշխում։