Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը սկսել է ուսումնասիրել «Իմեդի» հեռուստաընկերության լրագրողի կողմից քաղաքացիների տվյալները ձեռք բերելու և մշակելու հարցը։ Խոսքն այն պատմության մասին է, ըստ որի` լրագրող Մարիկա Բակուրաձեն քննադատական մեկնաբանությունների հեղինակներից բացատրություն է պահանջել։
«Իմեդի» իշխանական լրատվամիջոցի լրագրող Մարիկա Բակուրաձեն անձամբ է զանգահարել քաղաքացիներին և հարցրել, թե ինչու են իր հոդվածի վերաբերյալ Facebook-ում քննադատական մեկնաբանություններ գրել։
Հաղորդման թեման սոցիալական ցանցերում մարդկանց վիրավորելն էր։ Լրագրողները հյուրի հետ քննարկել են, թե ինչպես է թվային աշխարհը մեզ դարձնում պոտենցիալ ճնշողներ։
Հայտնի չէ, թե ինչպես է լրագրողը ձեռք բերել ֆեյսբուքյան օգտատերերի հեռախոսահամարները։ Քաղաքացիներից մեկի հարցին, թե որտեղի՞ց նրան իր համարը, Մարիկա Բակուրաձեն պատասխանել է. «Ի՞նչ կապ ունի»։
«Ինձ իսկապես հետաքրքրեց` այս մարդիկ, որ գրում են այդ բառերը, իրո՞ք կարծում են, որ դա նորմալ խոսակցական լեզու է: Այսպիսով, ես զանգեցի նրանցից մի քանիսին և ուղղակի հարցրի` եթե նման կերպ գրում ես ինձ, այսպե՞ս ես խոսում քո միջավայրում, կարծում ես` սա ճի՞շտ է, թե` ոչ» — պարզաբանել է լրագրողը։
Ըստ նրա, հաղորդումն արվել է բոլոր չափանիշների պահպանմամբ, անանունության սկզբունքով և «ամեն ինչ հարգելով»։
«Ցավում եմ, որ այսօրվա եթերը նման աղմուկ բարձրացրեց։
Այս թեման ստուդիայում քննարկեցինք հյուրի՝ հոգեբանի հետ։ Թեման լուսաբանելու համար ես պատրաստեցի մի հաղորդում, որտեղ զանգահարեցի սոցցանցում արված մեկնաբանության հեղինակին և մի քանի հարց տվեցի՝ արդյո՞ք տեղին է համարում այս բառապաշարով Ֆեյսբուքում խոսելը և իրենց իրական միջավայրում է՞լ է այդպես խոսում:
Ինչ վերաբերում է էթիկայի նորմերին, ապա հարցվածների անանունությունը լիովին պաշտպանված էր։ Մենք նրանց մեկնաբանությունները չցուցադրեցինք, որպեսզի, առաջին հերթին, խուսափենք նրանց նույնականացնելուց», — գրել է լրագրողը։