Թբիլիսիի քաղաքային դատարանում նոյեմբերի 28-ին կայացած Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը հետաձգվել է:
Դատավարությունից առաջ Սաակաշվիլիի փաստաբանները հայտարարել էին, որ նա ցանկանում է մասնակցել դատական նիստին։ Սակայն, դատավոր Նինո Չախնաշվիլին հայտնել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով բժիշկները նպատակահարմար չեն համարել նրան տեղափոխել։
«Վիվամեդ» կլինիկայի գլխավոր տնօրեն Նինո Նադիրաձեն՝ խոսելով Սաակաշվիլիի վիճակի մասին, ասել է. «Եթե ամեն ինչ այնքան լավ լիներ, որ Սաակաշվիլին կարողանար քայլել, դուրս գալ, մասնակցել արտաքին գործընթացներին, ապա նա այստեղ չէր լինի»:
Ըստ Նադիրաձեի՝ բժիշկների գնահատմամբ, Սաակաշվիլիի տեղափոխումն արդարացված չէ, և դրա պատճառով նա չի կարող մասնակցել դատավարությանը։
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է, որ, իր տպավորությամբ` Սաակաշվիլիի ինքնազգացողությունը վատացել է։
«Կարելի է ասել` հոկտեմբերից անընդհատ պառկած է, շարժողական ակտիվությունը դանդաղել է, ձեռքը դժվարությամբ է շարժում, չի կարողանում քայլել, անընդհատ պառկում է»,- ասել է Լոմջարիան։
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամ Խատիա Դեկանոիձեի կարծիքով, բժիշկները չեն կարող պատասխանատվություն ստանձնել Սաակաշվիլիի դատարան տեղափոխության համար։
«Նախագահ Սաակաշվիլիի վիճակն արդեն մեկ տարի է շատ ծանր է»,- ասել է ՄԱՇ անդամ Լևան Խաբեիշվիլին:
Խաբեիշվիլին նշել է, որ երրորդ նախագահի առողջական վիճակն այնքան ծանր է, որ նրան չեն կարող դատարան տանել, ինչը վկայում է, որ Սաակաշվիլին արտերկրում բուժման կարիք ունի։
ՄԱՇ կուսակցության անդամ Նուգզար Ծիկլաուրիի խոսքով, անհրաժեշտ է երրորդ նախագահին տեղափոխել արտերկիր` բուժման նպատակով։
ՄԱՇ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի կարծիքով նույնպես` եթե Սաակաշվիլին գնար դատարանի դահլիճ, բոլորի համար պարզ կլիներ, որ Իվանիշվիլիի չար համակարգն ավերել է մարդու առողջությունը: Նրա խոսքով՝ իշխանությունը երկրի երրորդ նախագահին դատարան գնալու սահմանադրական իրավունք չի տվել:
«Սաակաշվիլին այն վիճակում չէ, որ ետուառաջ քայլի. նա պառկած է նույն դիրքով և անգամ չի կարող նստել»,- «Վիվամեդ» կլինիկայում որդուն՝ Սաակաշվիլիին այցելելուց հետո ասել է Գյուլի Ալասանիան:
Ալասանիան նշել է, որ Սաակաշվիլին չի կարողացել մասնակցել քաղաքային դատարանում նշանակված դատավարությանը բժիշկների սահմանափակման պատճառով, քանի որ նրա առողջական վիճակը ծանր է։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե ուշադիր հետևում է Սաակաշվիլիի առողջությանը, նաև ասել Է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։
Այսօր «Էմպաթիա» բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտնել էր, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառը, մեծ հավանականությամբ, թունավորումն է:
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին յուրօրինակ վերջնագիր է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ Սաակաշվիլիին հնարավոր ներում շնորհելու վերաբերյալ։
Մի խումբ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է, որ Սաակաշվիլիի նկատմամբ բանտում վերաբերմունքի հարցը պետք է որոշվի ոչ թե քաղաքական նպատակահարմարությամբ, այլ միայն հաշվի առնելով քաղաքացու կյանքի և առողջության պահպանման չափանիշները:
Սաակաշվիլիի թունավորումը շահարկման առի՞թ, թե՞ իշխանությունների մեղքի վկայություն. կարծիքներ