Չեչնիայի պետական լրատվամիջոցները սկսել են Վրաստան տանող ճանապարհի կառուցման քարոզարշավը։ Պետական Грозный-информ լրատվական գործակալությունը գրել է, որ նոր մայրուղին կնպաստի տարածաշրջանի և տարբեր երկրների միջև բարեկամական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը՝ միևնույն ժամանակ ավելացնելով զբոսաշրջիկների հոսքը Կովկասում։
Չեչնիայի Իտում-Կղալեի շրջանի ղեկավար Իբրահիմ Բուրսագովը նշել է, որ Չեչնիայի Հանրապետությունից Վրաստան ճանապարհի կառուցումը մեծ հեռանկար ունի, կարող է ապահովել Վրաստանի հետ սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի հաստատումը, չեչենական սփյուռքի հետ հարաբերությունների ամրապնդումն ու ընդլայնումը։
Грозный-информ-ի ռուս փորձագետ Եվգենի Զոլկինն ասել է, որ այս ճանապարհը կբարելավի Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները, հնարավորություն կստեղծի լուծել լոգիստիկ խնդիրները և կնվազեցնի բեռների առաքման ժամանակը ինչպես Վրաստանում, այնպես էլ Անդրկովկասում:
Грозный-информ-ն ընթերցողներին հիշեցրել է, որ նախագծի իրականացմանն ավելի վաղ աջակցություն են հայտնել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նշենք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը մարտի 15-ին հատուկ այցով եղել է Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում, որտեղ էլ այս ճանապարհի կառուցման անհրաժեշտությունը քննարկվել է Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի և Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյաների ընդլայնված կազմով հանդիպմանը։
Մասնավորապես, Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևն ասել է, որ «Չեչնիայի Հանրապետությունը երկար տարիներ ակտիվորեն աշխատում է իր տարածքից դեպի Վրաստանի Հանրապետություն սահմանային անցակետի կազմակերպման ուղղությամբ», և որ այդ ճանապարհը «ռազմավարական մեծ նշանակություն ունի Ռուսաստանի Դաշնության համար»։
Նշենք նաև, որ ներկայում Վրաստանը Ռուսաստանին կապող միակ պաշտոնական ճանապարհն անցնում է Ստեփանծմինդա-Լարս հատվածով։
Ընդգծենք, որ Թբիլիսիում նախկինում բազմիցս հայտարարել են, որ այս ճանապարհի կառուցման հարցը վրացական կողմի համար երբեք օրակարգային չի եղել։ Մարտին դա հերթական անգամ կրկնվել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունում, որը պնդել է, որ Թբիլիսիի կողմից ճանապարհաշինության հնարավորությունը դիտարկելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք՝ Իթում-Կղալե-Շատիլի 45 կմ ճանապարհը կառուցվել է 1990-ականների վերջին։ Պատերազմի ժամանակ այն զգալիորեն տուժել է ռմբակոծություններից։
Վրաստանը երբեք չի քննարկել Չեչնիայի հետ կապող ճանապարհի կառուցման հարցը. նախարարության պարզաբանումը