Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը (IDFI) հրապարակել է «Ռուսական կապիտալը և ռուսական կապերը վրացական բիզնեսում» հետազոտությունը, որում IDFI-ն ուսումնասիրել է 2022 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները:
Ըստ արդյունքների, ընդամենը մեկ ամսում՝ մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում, վրացական շուկայում ռուսական նավթի մասնաբաժնի աճը կազմել է 5 տոկոս։ IDFI-ի փոխանցմամբ, Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը պահպանվում է, և Ռուսաստանն այս առումով դեռևս կարևոր խաղացող է վրացական շուկայում։
Հետազոտության համաձայն, բնական գազի ոլորտում Վրաստան ներմուծումը հիմնականում իրականացվում է Ադրբեջանից։ 2021 թվականին Ռուսաստանից ներկրվող գազի դիմաց վճարվել է ներկրվող գազի ընդհանուր արժեքի 22 տոկոսը, իսկ 2022 թվականի առաջին 6 ամիսներին՝ 14,6 տոկոսը։
«Շուկայում աճում էր Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող վառելիքի ծավալը և այն կազմում էր ներմուծման ընդհանուր ծավալի 64-65 տոկոսը։
Ազգային վիճակագրական ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանից վառելիք ներկրողների թվում են շուկայի 5 խոշորագույն ընկերություններից 4-ը՝ «Սան Պետրոլիում Ջորջիան», «Լուկոյլ Ջորջիան», «Վիսոլը» և «Սոկարը»։
2010-2022 թվականներին Վրաստանի պետական գերատեսչությունները մինչև 3 000 պայմանագիր են կնքել ռուսական «Լուկոյլ» ընկերության հետ շարժիչային վառելիքի մատակարարման համար։ Այս ընթացքում պետական գերատեսչությունները «Լուկոյլից» գնել են 200 մլն լարիի վառելիք»,- նշված է IDFI-ի հետազոտության մեջ։
Ըստ IDFI-ի՝ Ռուսաստանից ներկրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը ներմուծվող ընդհանուր էլեկտրաէներգիայի մեջ կազմում է 25 տոկոս (252,2 մլն կՎտժ)։ Մնացածը գալիս է Ադրբեջանից՝ 60 տոկոս և Թուրքիայից՝ 15 տոկոս: