Թբիլիսիի քաղաքապետարանը պատրաստվում է Ամանորի տոնակատարությանը։ Ամանորյա միջոցառումների կազմակերպման համար քաղաքապետարանն այս տարի կծախսի 4 մլն 994 հազար 200 լարի։
Քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում ամանորյա տրամադրություն ստեղծելու տարբեր միջոցառումներ կիրականացվեն 22 օր՝ 2022 թվականի դեկտեմբերի 23-ից մինչև 2023 թվականի հունվարի 13-ը, Օրբելիանիի հրապարակում, Մշրալի (չոր) կամրջի վրա, ապրիլի 9-ի և մարտի 9-ի այգիներում։
«Հատուկ կազմակերպված տարածքներում միջոցառումներ են նախատեսվում՝ հաշվի առնելով բոլոր տարիքային կատեգորիաները։ Կներկայացվեն մանկական համերգներ, թատերական ներկայացումներ, հեքիաթային հերոսներ, տարբեր ժամանցային ու մշակութային միջոցառումներ։ Կլինեն երթեր, ելույթներ, անսամբլների, խմբերի և էստրադային երգիչների համերգներ, կենդանի էլեկտրոնային շոուներ։ Հյուրերի տրամադրությունը կբարձրացնի Ձմեռ պապը՝ երկրորդ պլանի դերասանների հետ միասին»,- նշված է գնումների գործակալությանը ներկայացված փաստաթղթում։
Ըստ փաստաթղթի՝ տոնի շրջանակներում տեղի կունենա ցուցահանդես-վաճառք՝ «Սուրբ Ծննդյան շուկա», գաստրոնոմիայի և քաղցրավենիքի փառատոն։
«Դեկտեմբերի 31-ին զարդարված բեմում տեղի կունենա գալա համերգ։ Համերգին կներգրավվի շուրջ 200 մասնակից՝ մենակատարներ, երգչախմբեր, անսամբլներ, բենդեր, հաղորդավարներ, նվագախումբ»,- նշված է փաստաթղթերում։