«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:
ՆԻՆՈԾՄԻՆԴԱ. ՕՐԸ ՏԵՐՅԱՆՈՎ ԷՐ ՀԱԳԵՑՎԱԾ
Նոյեմբերի 18-ին Նինոծմինդայի քաղաքապետարանի, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի եւ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համատեղ կազմակերպմամբ, Նինոծմինդայում կայացավ «Աշնան մեղեդի. Պոեզիայի երեկո» խորագրով միջոցառումը՝ նվիրված հայ նշանավոր քնարերգու Վահան Տերյանին։
Միջոցառմանը ներկա էին տեղի մշակութային եւ հասարակական գործիչներ, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը, Դերենիկ Դեմիրճյանի տուն- թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը, Տերյանի պոեզիայի երկրպագուներ…
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մանուկյանի խոսքով, միջոցառման նպատակը հայվրացական հարաբերությունների առավել ամդապնդումն ու տեղի բնակչությանը եւս մեկ անգամ հայ մեծանուն գրողին լսելի դարձնելն էր։
«ԳԱՐՐԻ ԴԱՎԹՅԱՆԻ ՏՈՒՆԸ» ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ՌՈՒՍԹԱՎՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Վիրահայոց թեմի Ռուսթավիի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» Հոգեւոր կենտրոնի սաները հյուրընկալվեցին Թբիլիսիի «Գարրի Դավթյանի տուն» խամաճիկային թատրոնում:
Հոգեւոր կենտրոնի ղեկավար Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությունը եւ շնորհակալություն հայտնեց «Գարրի Դավթյանի տուն» թատրոնի տնօրեն Ժաննա Դավթյանին Հոգեւոր կենտրոնի «Նաիրի» նախակրթարանի եւ հայերենի ուսուցման դասարանի ռուսթավցի 14 սաներին ու ուսուցչուհիներ Աիդա Փոլադյանին եւ Անի Մինասյանին հյուրընկալելու համար:
Տիկին Ժաննան սիրով ներկայացրեց թատրոնում տեղ գտած խամաճիկներին, պատմեց ստեղծման խորհրդանշական պատմությունը: Այնուհետեւ ռուսթավցի երեխաներին ցույց տվեց խամաճիկների դերակատարումով մի հատված:
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԳՈՐԾԵՐԴ, «1+4» ԾՐԱԳՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՒՍԱՆՈՂ
2010 թվականից ի վեր, երկրի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական դպրոցների շրջանավարտներին մեծ քննությամբ բուհ ընդունվելու հնարավորություն ընձեռող Վրաստանի իշխանության «1+4» պետական ծրագրի ընդունումից հետո, այդ պատվավոր շարքը համալսարանում համալրում են նաեւ հայ երիտասարդները։
Ի.Ջավախիշվիլու պետական համալսարանի մասնավորապես տնտեսագիտական ֆակուլտետում ներկայումս մասնագիտանում է երկրի հայկական դպրոցների 150 շրջանավարտ, ու նրանք այս օրերին՝ նոյեմբերի 7-26-ը, զբաղված են համալսարանի հերթական՝ միջանկյալ քննություններով։ Ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Խչոյանը՝ քննաշրջանի իր սուղ ժամանակը սիրով տրամադրեց մեզ եւ օգնեց պարզաբանել ընթացող քննաշրջանի ու նրանում մեր ուսանողի առաջադիմությանը վերաբերող հարցեր։ Ի դեպ, Դիանան ծնվել ու բնակվում է Ծալկայի մունիցիպալիտետի Խաչգյուղում, Թբիլիսիում այժմ ապրում է վարձով, քրոջ՝ Մարինայի հետ։ Դիանան սովորում է համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետի անվճար բաժնում, իսկ քույրը՝ Մարինան՝ նույն համալսարանի վրացերենի ուսուցման զրո կուրսում։