Եվրախորհրդարանը հաստատել է «Ուկրաինայի և Վրաստանի անօրինական օկուպացված շրջաններում» ռուսական կողմից տրված անձնագրերն ու ճամփորդական այլ փաստաթղթեր չճանաչելու որոշումը։
Խոսքը, մասնավորապես, վիզաների տրամադրման արգելքի մասին է։ Համապատասխան առաջարկին կողմ է արտահայտվել 531, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 34 պատգամավոր։
Եվրախորհրդարանը նշել է, որ որոշումը չի ազդի այն քաղաքացիների վրա, որոնք փախչում են Ուկրաինայի հակամարտությունից. նրանք դեռ կկարողանան ԵՄ մուտք գործել հումանիտար նկատառումներով։
Մինչ այդ հայտնի դարձավ Եվրամիությունում համաձայնեցված որոշման մասին՝ չճանաչելու ռուսական փաստաթղթերը, որոնք թողարկվել են Ռուսաստանին բռնակցված Ուկրաինայի շրջաններում, նաև Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի և Հարավային Օսիայի դե ֆակտո հանրապետություններում:
Ավելի ուշ Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան հայտարարել էր, որ ռուսական անձնագրերի արգելքը կարող է ազդել Աբխազիայում միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքի վրա, մասնավորապես՝ Բրյուսելից ֆինանսավորվող նախագծերի վրա։