«Էմպաթիա» բժշկական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանիի խոսքով, Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման պատճառը մեծ հավանականությամբ թունավորումն է:
Ըստ Ջիշկարիանիի՝ 188 էջանոց բժշկական եզրակացությունը պատրաստվել է 3 000 էջ փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա. դրանից բացի, ԱՄՆ-ից ստացվել են մազերի թելերի հետազոտության արդյունքները։
«Քննարկում ենք ունեցել և հակված ենք կարծելու, նաև փորձագիտական եզրակացության մեջ արդեն գրված է, որ գործ ունենք թունավորման հետ, և ամեն պահի հնարավոր է, որ մարդը մահանա…»,- ասել է Ջիշկարիանին:
Ջիշկարիանին ևս Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ է արել ներում շնորհել Սաակաշվիլիին.
«Հիմա դատարանների կամ այլ քննարկումների ժամանակը չէ։ Թող բոլորը խելքի գան։ Դիմում եմ առաջին հերթին Վրաստանի նախագահին՝ պատասխանատվություն ստանձնել և ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին»։
Հիշեցնենք, որ Զուրաբիշվիլին ասել Է, որ երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով արտերկիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը։
Սաակաշվիլիի թունավորումը շահարկման առի՞թ, թե՞ իշխանությունների մեղքի վկայություն. կարծիքներ