Վրաստանի Թերջոլա քաղաքում նախկին ամուսինը սպանել է կնոջը. դեպքը տեղի է ունեցել սուպերմարկետներից մեկում:
Ըստ տեղեկությունների՝ տեղում աշխատում են իրավապահները. մեղադրյալը, որ նույնպես վիրավոր է, գտնվում է կլինիկայում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հետաքննություն է սկսվել ընտանիքի անդամի նկատմամբ առանձնակի դաժանությամբ կատարված դիտավորյալ սպանության մեղադրանքով: ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ կատարվում են քննչական-դատավարական գործողություններ, նշանակվել են փորձաքննություններ։
Հիշեցնենք՝ այսօր նշվում է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը:
«Սափարի» կազմակերպության հիմնադիր Բաիա Պատարիան դեպքի առթիվ գրառում է արել` նշելով. «Եվս մեկ սարսափելի ֆեմիցիդ»:
Ըստ նրա՝ դա դաժան վերաբերմունք է նախկին կնոջ նկատմամբ:
«Կանանց չեն ներում մերժելու, հեռանալու համար, չեն ներում մարդ լինելու ձգտումը։ Եթե կինը ուզում է մարդ լինել, եթե ուզում է տնօրինել իր կյանքը, եթե ուզում է հեռանալ բռնարարից, դա չեն ներում ու սպանում են նրան…»,- գրել է Պատարիան: