«Հաջողություն եմ մաղթում ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերները հաղթահարելու գործում»: Այս մասին Վրաստանի կառավարության հունվարի 24-ի նիստում հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին։
Կառավարության ղեկավարի խոսքով, միջազգային խաղաղության և կայունության պահպանման համար կարևոր է, որ ԱՄՆ-ն հզոր լինի: Կվիրիկաշվիլին նաև նշել է, որ Վաստանը տարածաշրջանում շարունակում է մնալ ԱՄՆ-ի հավատարիմ գործընկերը: Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:
«Մենք ունենք ինստիտուցիոնալիզացված հարաբերություններ, որը իր մեջ բազմաթիվ ուղղություններ է պարունակում։Այն մասնավորապես վերաբերվում է պաշտպանությանն ու անվտանգությանը, տնտեսությանը, առևտրին, էներգետիկային և երկրում ժողովրդավարության ամրապնդմանը: Մենք կշարունակենք տարբեր ուղղություններով մեր համագործակցությունը՝ վստահ լինելով, որ այն դրականորեն կանդրադառնա երկու երկրների վրա»:
Հիշեցնենք՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը սկսում է առաջին աշխատանքային շաբաթը։ Հունվարի 20-ին նա Վաշինգտոնում տեղի ունեցած արարողությանը երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով ԱՄՆ 45-րդ նախագահի լիազորությունները։