Վրաստանում ՀՀ դեսպան նշանակվելուց հետո իմ առաջին այցը Վրաստանի մարզերից Քվեմո Քարթլին է: Այս այցով ոչ միայն կարևորում եմ ապակենտրոնացված համագործակցությունը, այլ նաև այն իր մեջ պարունակում է խորհուրդ, քանի որ այստեղ կողք-կողքի ապրում և արարում են հայեր, վրացիներ և ադրբեջանցիներ: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում՝ ամփոփելով Քվեմո Քարթլիի Մառնեուլիի շրջանի Շահումյան, Խոժոռնի և Աղքյորփի գյուղեր կատարած այցը, ասում է Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը:
Դեսպանը նշում է, որ տարածաշրջանի կայուն և ապահով բարգավաճման համար խաղաղ համակեցությունն այլընտրանք չունի:
«Այցելեցինք հայաբնակ գյուղերի դպրոցներ. այստեղ կան որոշ չլուծված հարցեր: Հանդիպումների ընթացքում դպրոցների մանկավարժական կոլեկտիվների և համայնքի ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը կներկայացվեն ՀՀ պատկան մարմիններին, և ես հետամուտ կլինեմ, որպեսզի դրանք համապատասխան լուծումներ ստանան», — նշում է ՀՀ դեսպանը:
Նշենք, որ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին Քվեմո Քարթլի այցի շրջանակներում Ռուսթավի քաղաքում ընդունել է նահանգապետ Գիորգի Դոխտուրիշվիլին:
Այցի շրջանակներում Մառնեուլիի շրջանի Շահումյան գյուղում դեսպան Սմբատյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալեց տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը:
Վրաստանում ՀՀ դեսպանն այցելեց նաև Շահումյան գյուղի թիվ 1 հանրային դպրոց, որտեղ կայացավ հանդիպում Շահումյան, Դամիա և Կարմիր գյուղերի բնակիչների հետ:
«Խոժոռնին օրինակելի գյուղ է, քանի որ այստեղ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ համագոյակցում են»,- Խոժոռնի գյուղում բնակիչների հետ հանդիպմանը նշեց Սմբատյանը:
Դեսպանը հանդիպեց նաև Աղքյորփիի բնակիչների հետ. ներկա էին նաև հարևան Չանախչի գյուղի բնակիչները: