Խոժոռնին օրինակելի գյուղ է, քանի որ այստեղ հայերն ու ադրբեջանցիները խաղաղ համագոյակցում են: Քվեմո Քարթլի այցի շրջանակներում Խոժոռնի գյուղում բնակիչների հետ հանդիպմանը նշեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը:
Խոժոռնի գյուղի բնակիչները դեսպանի հետ հանդիպմանը որպես առաջնային խնդիր նշեցին սահմանամերձ գյուղ լինելու փաստը, քանի որ դա սահմանափակում է իրենց տեղաշարժը:
Խոժոռնիի դպրոցի ուսուցիչ Էդիկ Ղարիբյանը դեսպանին և Քվեմո Քարթլիի փոխնահանգապետին ներկայացրեց դպրոցի ենթակառուցվածքը՝ նշելով, որ շենքը վերանորոգման կարիք ունի:
Հայալեզու դպրոցների խնդիրների հետ կապված դպրոցի ուսուցիչները բարձրացրեցին հայերենի ուսուցման մեթոդաբանության հետ կապված հարցերը՝ նշելով, որ կարևոր է հայերենի ուսուցման մեթոդները Հայաստանի հետ մշակել:
Հանդիպմանը ներկա հարևան Գյուլուբաղ գյուղի բնակիչները ևս բարձրացրեցին հայալեզու գրքերի սակավ լինելու հարցը՝ նշելով, որ գրքերը կամ հին են, կամ էլ քանակապես չեն հերիքում: