Զուգդիդիի մունիցիպալիտետում դեռահասի սպանության գործով ձերբակալվել է 2005 թվականին ծնված մեկ անչափահաս` Է.Ց.-ն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) հետաքննության վարկածով՝ մեղադրյալը, փոխադարձ վիճաբանության ընթացքում սառը զենքով մի քանի հարված է հասցրել անչափահաս՝ 2007 թվականին ծնված Ս.Մ.-ին. վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:
Նախաքննությունը տարվում է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «ե» կետի հատկանիշներով, որը ենթադրում է անչափահասի նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանություն։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 20-ին, Զուգդիդիի Մեսխիա փողոցում գտնվող մինի մարզադաշտում անչափահասի են դանակահարել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպանության պատճառ է դարձել հասակակիցների վեճը, ծեծկռտուքին մասնակցել է մի քանի հոգի։