Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում անցկացվեց «ԿԱՆԱՆՑ ՊԱՅՔԱՐԸ․ հետահայաց նամակներ» խորագրով լուսանկարների և նամակ-հոդվածների ցուցադրություն։
Ցուցահանդեսին ներկայացված էին կյանքի հարվածների ու դժվարությունների դեմ կանգնած, տարբեր ոլորտներում հաջողության հասած, բայց նաև իրենց կյանքի տարբեր փուլերում դժվարությունների բախված կանանց պատմություններ։ Հաշվի առնելով սոցիալական, մշակութային, մարդաբանական համատեքստերի նմանությունը և հասարակությունների շրջանում առկա կարծրատիպերն ու դրանք հաղթահարելու անհրաժեշտությունը, Հայաստանում գործող «Հոդված 3 ակումբը» դոնոր կազմակերպության աջակցությամբ, որոշեց հայաստանցի կանանց պայքարը ցուցադրել նաև Թբիլիսիում:
Նոյեմբերի 16-ին Թբիլիսի էին բերվել 17 կանանց պատմություններ, թեև նախագծի շրջանակներում 25 պատմություն է պատրաստվել։ Կազմակերպիչների խոսքով, բավականին դժվար էր հայտնաբերել կանանց, ովքեր կկիսվեին իրենց փորձով, քանի որ նրանք պետք է պատրաստ լինեին զրուցել և նամակ գրել։
Ցուցահանդեսին ներկա էին Թբիլիսիի պետական համալսարանի և այլ բուհերի դասախոսներ և ուսանողներ, կանանց թեմաներով աշխատող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ ու հետաքրքրված այլ անձինք: