ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցում ասել է, որ Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության ամենակարևոր առաջնահերթությունների շարքում է:
Ըստ Սիմոնյանի՝ հայ-վրացական դարավոր պատմությունը հենվում է պատմամշակութային հարուստ ժառանգության վրա: Նրա խոսքով, այդ ամենին ավելանում է նաև երկու երկրների՝ ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը:
«Իմ գործընկերոջ հետ քննարկեցինք կրթության, մշակույթի, տրանսպորտի և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Անդրադարձանք Վրաստանի հայ համայնքի կյանքի կարևոր հարցերին՝ ընդգծելով համայնքի դերը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում»,- նշել է Սիմոնյանը:
Նա նաև հավել է, որ կարևորվել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հանդիպմանը ստորագրված հուշագիրը: