ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում է: Երկու երկրների խորհրդարանների խոսնակներն այսօր՝ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ին, հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։
Մինչ այդ, այցի օրակարգի մասին «Ալիք Մեդիան» զրուցել է երկու երկրների խորհրդարանների նախագահների հետ: Շալվա Պապուաշվիլիի խոսքով, հայ գործընկերոջ հետ բավականին ընկերական հարաբերություններ են ձևավորվել վերջերս Հայաստան կատարած իր այցից հետո, ունեն նաև ուղիղ կապ, հենց սրանով է բացատրում պետությունների բարեկամությունը:
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ պետությունների բարեկամությունը դա առաջին հերթին ժողովուրդների ջերմ հարաբերություններն են: Ծրագրում ենք խորհրդարանում դիմավորել Ալեն Սիմոնյանին, ինչը ևս մեկ կարևոր քայլ է մեր հարաբերությունների զարգացման համար: Մեր խորհրդարանների Արտաքին գործերի հանձնաժողովները ստորագրել են համագործակցության հուշագիր, նախատեսվում է նման հուշագիր կնքել նաև մշակույթի հանձնաժողովների միջև: Կարևոր է, որ խորհրդարանների ինստիտուցիոնալ խմբերի միջև հարաբերություններն ամրապնդվեն՝ սա կլինի միասնական նիստերի, թե միջոցառումների անցկացման ձևաչափով», — ասում է Պապուաշվիլին:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում կողմերը համաձայնում են՝ Վրաստանի և Հայաստանի միջև անլուծելի խնդիրներ չկան և չեն կարող լինել: Խոսելով հայ-վրացական դարավոր եղբայրության մասին, Սիմոնյանն ընդգծեց․
«Երկու ժողովուրդները, որ ունեն հազարամյակների բարեկամական հարաբերություններ, կարող էլ ավելին անել, թեև վստահ եմ, որ այս վերջին տարիներին զարգացման նոր թափ են ստացել մեր հարաբերությունները, դրանք կշարունակվեն, ռիթմն ու ընթացքը էլ ավելի կխորացնենք: Հանդիպումներ են նախատեսվում գործընկերոջս, նաև Վրաստանի վարչապետի հետ, ինչպես նաև խորհրդարանի հանձնաժողովների շրջանակներում»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ նախագահը:
Նախօրեին, գործընկերները մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: