Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) խմբակցության անդամ Նոնա Մամուլաշվիլիի պատգամավորական լիազորությունը դադարեցվել է: Համապատասխան որոշումը խորհրդարանն ընդունել է 89 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Մամուլաշվիլին իր իսկ որոշմամբ լքել է խորհրդարանն ու կուսակցությունը։ Նա հայտարարել է, որ 10–րդ գումարման խորհրդարանն անկախության շրջանի ամենախայտառակ խորհրդարանն է։
Մամուլաշվիլիի գնահատմամբ, ՄԱՇ կուսակցությունը վաղուց հեռացել է քաղաքականությունից, իսկ համակարգային խնդիրները թարմացման ու առողջացման հնարավորություն չեն տալիս։
Նշենք, որ Նոնա Մամուլաշվիլիի պատգամավորական լիազորության դադարեցումից հետո նրան փոխարինողը չի կարողանա մտնել խորհրդարան, քանի որ չեղարկվել է խորհրդարանական ընդդիմության, այդ թվում՝ ՄԱՇ կուսակցության ընտրական ցուցակը։