Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, այսօր մետրոյի «Ախմետելի թատրոն» կայարանում որոշակի խնդիրներ են ծագել, որոնք պատճառ են դարձել մարդկանց կուտակումների։ Նա հավաստիացրել է, որ խնդիրը կլուծվի:
Մայրաքաղաքի սակրեբուլոյի նիստում քաղաքապետը ներողություն է խնդրել հանրությունից և նշել, որ պատճառը հնացած ենթակառուցվածքներն են։
«Այսօր «Ախմետելի թատրոն» կայարանում պտտադռնակների հետ կապված որոշ խնդիրներ էին ծագել, ու դրա պատճառով չհաջողվեց համապատասխան թվով ուղեւոր տեղափոխել։ Դրան հետևեցին մարդկանց կուտակումները մետրոյի տարածքից դուրս: Ուզում եմ ներողություն խնդրել համայնքից, խնդիրը հնացած ենթակառուցվածքն է, բայց մենք այստեղ ենք այդ խնդիրը շտկելու համար», — ասել է Կալաձեն:
Նա հայտնել է, որ պտտադռնակների թիվը կավելանա, ինչն ավելի շատ մարդկանց հնարավորություն կընձեռի անցնելու և մտնելու կայարան։