Մոսկվան այս փուլում դեմ է Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի՝ Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին հանձնելու պայմանագրում փոփոխությունների կատարմանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն այսպես է արձագանքել Սոխումիի առաջարկին, որը ենթադրում է` մինչև աբխազական դե ֆակտո խորհրդարանի վավերացումը, փաստաթղթում մի շարք փոփոխությունների ամրագրմանը:
«Երկկողմ համաձայնագիրը», որը ստորագրել է Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան 2022 թվականի հունվարի 19-ին, չի կարող կյանքի կոչվել առանց Աբխազիայի «խորհրդարանի» վավերացման։ Հարկ է նշել, որ աբխազական հասարակությունը և ընդդիմությունը կտրականապես դեմ են Բիճվինթայի ծովային (ջրային) տարածքի և առափնյա հատվածի մի մասը Ռուսաստանին հանձնելուն և խնդրել են դե ֆակտո նախագահին` «խորհրդարանից» հետ կանչել փաստաթուղթը:
Հաշվի առնելով դա՝ դե ֆակտո կառավարությունը և դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) առաջարկ են պատրաստել համաձայնագրում երկու փոփոխություն կատարելու համար.
- առաջինը` շտկել փաստաթղթում արձանագրված սխալ կոորդինատները,
- երկրորդը՝ պայմանագրում նշել, որ ապագայում Բիճվինթայի օբյեկտների փոխանցումը երրորդ անձանց չի թույլատրվում ։
Այս առաջարկներով մի խումբ աբխազ «պատգամավորներ» անցյալ շաբաթ այցելել են Մոսկվա և հանդիպել ՌԴ Պետխորհրդի ներկայացուցիչների հետ։
Աբխազական դե ֆակտո ԱԳՆ-ն այսօր ստացել է Մոսկվայի պատասխան նամակը։
«Ռուսաստանի Դաշնության և Աբխազիայի Հանրապետության կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը դեռ ուժի մեջ չի մտել աբխազական կողմի ներքին ընթացակարգերը չկատարելու պատճառով, և առաջարկվող փոփոխությունները նպատակահարմար է կատարել համաձայնագրի կիրարկումից հետո»,- նշված է Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությանն ուղղված նամակում։
Պարզ ասած, Մոսկվայի պատասխանն է. նախ՝ վավերացում, հետո՝ փոփոխությունների մասին խոսակցություն։