Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) փոխանցմամբ, Իրանի քաղաքացին Վրաստանում փորձել է սպանել Իսրայելի քաղաքացուն:
Ըստ հաղորդագրության՝ Իրանի քաղաքացին այդ մտադրության իրագործման համար փորձել է օգտագործել Պակիստանի քաղաքացուն։
ՊԱԾ-ի տեղեկություններով, հակահետախուզության վարչությունը հայտնաբերել և կանխել է հանցագործության փորձը. ձերբակալվել են Պակիստանի և Իրանի քաղաքացիները, որոնք նաև Վրաստանի երկքաղաքացիություն ունեն:
Հետաքննության վարկածը հետևյալն է.
- հանցավոր խումբը Վրաստան է ուղարկել Պակիստանի քաղաքացու, որին հանձնարարվել է սպանել Վրաստանում Իսրայելի քաղաքացուն,
- մինչ Վրաստան ժամանելը Պակիստանի քաղաքացուն անհրաժեշտ ցուցումներ են տրվել և տեղեկություններ են ստացել սպանության օբյեկտի մասին,
- վարձու «մարդասպանը» Վրաստան է եկել երրորդ երկրի միջոցով (ՊԱԾ-ը չի նշում, թե որ երկրի), որտեղ նրան տրվել է վարձակալած բնակարան և դավադիր կապի միջոցներ,
- Վրաստան ժամանելուց հետո Պակիստանի քաղաքացին խստորեն հետևել է դավադրության կանոններին, գաղտնի ուսումնասիրել սպանության օբյեկտին և նրա շարժման ուղիները, մշտական կապի մեջ է եղել պատվիտրատուի հետ և նրանից ստացել ցուցումներ ու միջոցներ:
Ըստ ՊԱԾ-ի հետաքննության, սպանությունը կատարողին գաղտնի զենք մատակարարելու նպատակով, հանցավոր խումբը նաև գործում ներգրավել է Վրաստանում բնակվող իրանա-վրացական երկքաղաքացիություն ունեցող մի խումբ անձանց։
«Հետքերը ծածկելու համար Պակիստանի և Իրան-Վրաստանի երկքաղաքացիություն ունեցող անձանց միջև ուղղակի հանդիպումներ չեն եղել, և հրազենի ու զինամթերքի տեղափոխումն իրականացվել է քաղաքում կազմակերպված թաքստոցների միջոցով…»,- հայտնել են ՊԱԾ-ից։