2022 թվականի նոյեմբերի 10-11-ը երկօրյա այցով Վրաստան է այցելել ՆԱՏՕ-ի Գործընկերության և համագործակցության անվտանգության կոմիտեն (PCSC): Այս տեղեկությունը տարածել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակը։
Տեղեկության համաձայն, PCSC-ի անդամները, որոնք վերահսկում են ՆԱՏՕ-ի հարաբերությունները բոլոր գործընկեր պետությունների հետ, իրենց այցը սկսել են ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսուցման և գնահատման կենտրոնից (JTEC)՝ Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ հանդիպմամբ։
«Այնուհետ պատվիրակությունն այցելեց Վրաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանձնաժողովի անդամները տեղեկացվեցին երկրի անվտանգության իրավիճակի, Վրաստանի Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների զարգացման և սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։
Այցի առաջին օրվա ավարտին հանձնաժողովը Վրաստանի խորհրդարանի անդամների հետ քննարկել է Եվրամիության տասներկու հանձնարարականների կատարման ընթացքը։ Հաջորդ օրը PCSC-ն այցելեց Վրաստանի Հարավային Օսիայի շրջանի մերձակայքում գտնվող վարչական շփման գոտի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով»,- հայտնել են ՆԱՏՕ-ի կապի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կապի գրասենյակում հանդիպել է նաև քաղաքացիական հասարակության, Հանրային պաշտպանի գրասենյակի և խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ։
Այցը կազմակերպել է Վրաստանի կառավարությունը` ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի աջակցությամբ։ Այցի ընթացքում կոմիտեին ուղեկցել է ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վինիկովը: