«Վրաստան» թերթի այս համարում

«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:

ԱՐՏԵՄ ԱԼԱԲՈՒԼՅԱՆՑԸ՝ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՂ

Թբիլիսիի Ռուսթավելու պողոտայում, Վրաստանի խորհրդարանի դիմաց գտնվող Վրաց ձեռագործ արվեստի թանգարանում բացվեց ինքնուս, թեեւ վաղուց ճանաչում վայելող թբիլիսցի նկարիչ, 67-ամյա Արտեմ Ալաբուլյանցի կտավների ցուցահանդեսը՝ «Երաժշտությունը գեղանկարչության, գեղանկարչությունը՝ երաժշտության մեջ» խորագրով:

Սրահում ներկայացված են անցյալ դարի 80-ական թվականներից մինչ օրս նկարչի ստեղծած 50-ից ավելի կտավներ: Ցուցահանդեսը կգործի մինչեւ նոյեմբերի 13-ը՝ ներառյալ:

— Մասնագիտությամբ երաժիշտ եմ, ջութակահար, ավարտել եմ Թբիլիսիի կոնսերվատորիան, 27 տարի նվագել եմ Վրաստանի սիմֆոնիկ նվագախմբում: Նկարելը ինձ համար հոբբի է, ունեցել եմ 11 անհատական ցուցահանդես, թեեւ նման հեղինակավոր ու հրաշալի այս նոր շենքի դահլիճում իմ գործերը ներկայացվում են առաջին անգամ: Շատ երջանիկ եմ,- ասաց Արտեմ Ալաբուլյանցը:

ԵԹԵ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՔ ՈՒՆԵՆԱԼ ԱՎԱԳ ՈՒՍՈՒՑՉԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ

Վրաստանի հաշտեցման եւ քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի աշխատակազմի նախաձեռնությամբ՝ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ներքո գործող տարբեր կառույցների ներկայացուցիչները հանդիպեցին Քվեմո Քարթլիի 4 մունիցիպալիտետների՝ Գարդաբանիի, Մառնեուլիի, Բոլնիսիի, Դմանիսիի ոչ վրացալեզու դպրոցների մանկավարժների հետ:

Հանդիպումը ներածական խոսքով բացեց Քվեմո Քարթլիում պետնախարարի ներկայացուցիչ
Անար Սուլեյմանովը: Իր ելույթում Ուսուցչի մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի «Ոչ վրացալեզու դպրոցների աջակցման» ծրագրի համակարգող Կարինե Մանուկյանը ներկայացրեց նշյալ ծրագրի նպատակները, որոնք կոչված են ազգային փոքրամասնությունների դպրոցների ուսուցիչների մասնագիտական զարգացմանը եւ ուսանում-ուսուցման գործընթացի բարելավմանը՝ պետական լեզվի ուժեղացման եւ ոչ ֆորմալ կրթության զարգացման միջոցով:

ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ աշխարհի տարբեր վայրերում անձնական համակարգիչների եւ խաղային կցորդների վաճառքն ավելացել է տասնյակներ անգամ, իսկ խոշոր քաղաքներում բնակվող ընտանիքների 40-80 տոկոսն արդեն տանը համակարգիչ ունի, ապա կարելի է ասել, որ համակարգչային խաղերը, հեռուստատեսության հետ մեկտեղ, փոքրիկների վրա բացասական ազդեցության լուրջ գործոն են դարձել։ Ի՞նչ վտանգ են դրանք ներկայացնում։ Վերցնենք, օրինակ, առավել մեծ մասսայականություն վայելող
դերային մենամարտերը եւ, այսպես ասած, ռազմավարությունխաղերը (ստրատեգիա)։