Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) անդամներ Պետրե Ցիսկարիշվիլին, Լևան Խաբեիշվիլին և Խատիա Դեկանոիձեն չեն պատրաստվում առաջադրվել կուսակցության նախագահի պաշտոնում։
Ի դեպ, Խաբեիշվիլին մեկն է նրանցից, ովքեր բացահայտորեն խնդրել են ընտրել ՄԱՇ կուսակցության նոր նախագահ։
«Ավելին, կոչ եմ անում բոլոր առաջնորդներին, ՄԱՇ -ի հետ կապ ունեցող գործիչներին, ովքեր կուսակցությունում փոփոխությունների կողմնակից են, միանալ վճռական պայքարին։ Ես կողմ եմ թարմացմանն ու փոփոխությանը»,- նշել է Խաբեիշվիլին։
Ի պատասխան Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի՝ ՄԱՇ-ի գլխավոր քարտուղար Ցիսկարիշվիլին ասել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել կուսակցության նախագահի պաշտոնում։
Հարկ է նշել, որ Կոբախիձեն օրերս անդրադառնալով ՄԱՇ-ում ընթացող զարգացումներին, հայտարարել էր, որ Ցիսկարիշվիլին պետք է դառնա կուսակցության նախագահ, ՄԱՇ-ի գործող ֆորմալ նախագահի փոխարեն։
ՄԱՇ-ի անդամ Դեկանոիձեն էլ իր հերթին ասել էր, որ ինքը չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը.
«Ես այն մարդը չեմ, ում համար ուրիշները կարող են որոշում կայացնել»,- ասել է Դեկանոիձեն։
Նշենք, որ ՄԱՇ կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան պատրաստակամություն է հայտնել անցկացնել ներկուսակցական ընտրություններ և մասնակցել դրանց։
Հիշեցնենք՝ Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ ՄԱՇ-ի անդամներից ոմանք պահանջում են կուսակցության նոր նախագահի ընտրություն։