Վրացական, հայկական և հնդկական խմիչքներն Ամանորին կփոխարինեն ռուսական ալկոհոլային շուկայում արևմտյան պատժամիջոցների հետևանքով անհետացած արտասահմանյան ապրանքանիշերին։ Հայտնում է ռուսական РБК գործակալությունը:
Ըստ գործակալության՝ շուկայի փորձագետները նշում են, որ Ամանորյա տոներից երկու ամիս առաջ արդեն ոգելից խմիչքների մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվողներն սկսել են հայտնել տարբեր ապրանքանիշերի ալկոհոլային խմիչքների պակասի մասին, որոնք նախկինում ՌԴ են ներմուծվել եվրոպական շուկայից։
Luding Group-ի մարքեթինգի տնօրեն Անդրեյ Ուշակովի հայտարարության համաձայն՝ թունդ ալկոհոլի փոխարինողները գալիս են այնպիսի երկրներից, ինչպիսիք են Վրաստանը, Հայաստանը և Հնդկաստանը: Օրինակ, վրացական և հայկական կոնյակների, ինչպես նաև վրացական ճաճայի, գինու և մրգային թորվածքների պահանջարկը զգալիորեն աճել է, մինչդեռ քննարկվում է վիսկիի մատակարարումը Հնդկաստանից։
«Մետրո» մանրածախ ցանցի ռուսական գրասենյակից էլ նշել են, որ գինիներ են ներմուծելու Վրաստանից և Հայաստանից, ինչպես նաև Գերմանիայից և Հարավային Աֆրիկայից։ Ըստ РБК-ի, մանրածախ վաճառողներն այդ ապրանքները նշված երկրներից ուղղակիորեն ներմուծում են Ռուսաստան։