Հունվարի 20-ին Վրաստանի գլխավոր դատախազության դիմաց բողոքի ցույց անցկացվեց: Ցուցարարները պահանջում էին 2016 թվականի օգոստոսի 1-ին մահացած Զուրաբ Խուցիշվիլի-Էլիբաշվիլիի գործը որակել որպես սպանություն:
Հիշեցնենք՝ օգոստոսի 1-ին մահացած Զուրաբ Խուցիշվիլի-Էլիբաշվիլիի դիակը գտնվել էր սպանությունից 2 օր անց՝ Քուռ գետում: Դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը: Ինքնասպանության վարկածի հետ համաձայն չեն մահացածի ընտանիքի անդամներն ու փաստաբանը: Խուցիշվիլիի փաստաբան, Զորակցություն շարժման առաջնորդ Լաշա Շուկակիձեի կարծիքով՝ գործը պետք է քննվի որպես սպանություն.
«Հետաքննությունը անհայտ պատճառներով չի շարունակվում: Տեսախցիկների կադրերում պարզ երևում է, թե ինչպես է ոստիկանը Խուցիշվիլիին հետևում, այնուհետև վերանում է երիտասարդի հետքը: Մենք պահանջում ենք, որ պարոն Շոթաձեն (խմբ.՝ նկատի ունի Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին) հանդիպի մեզ հետ և բացատրի, թե ինչու հետաքննության մեջ առաջընթաց չկա և թե ինչու է քննության ընթացքը գաղտնի պահվում: Կոչ ենք անում դատախազությանը վերավորակել այս գործը և հետաքննություն իրականացնել 108-րդ՝ սպանության հոդվածի համաձայն»:
Սպանվածի հայրը՝ Մերաբ Խուցիշվիլին նույնպես մեղադրում է իրավապահներին.
«Սպանել են որդուս, ոստիկաններն են սպանել: Հիմա պահանջում ենք բացատրել, թե ինչու, որ մեղքի համար են նրան սպանել: Մոտս պահում եմ այդ ոստիկանների տվյալները: Գորգաձե և Գորդելաձե՝ նրանց ազգանուններն են»:
Մահացածի հորաքրոջ՝ Մարինա Խուցիշվիլիի խոսքերով՝ տղան ինքնասպանության ոչ մի շարժառիթ չուներ.
«Նա գնում էր օդանավակայան՝ կնոջն ու երեխային դիմավորելու: Ինքնասպանության ոչ մի պատճառ չուներ, նյարդային խնդիրներ նույնպես չուներ: Գիտենք, որ նրան հետևել է ոստիկանության 6 ավտոմեքենա: Այնտեղ, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, ոչ մի տեսախցիկ չի աշխատել: Ակնհայտ է, որ իրավապահները չեն ուզում ցույց տալ ճշմարտությունը»:
Ցուցարարները նշեցին, որ չեն պատրաստվում նահանջել և կպայքարեն այնքան ժամանակ, մինչև մարդասպանները չպատժվեն: