Եվրախորհրդարանի 12 պատգամավորներ կոչ են արել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին` քննարկել Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելու հարցը։
Եվրախորհրդարանական Ռասա Յուկնևիչիանեն հրապարակել է Զուրաբիշվիլիին ուղղված նամակը: Եվրախորհրդարանականների նամակում Գվարամիայի ազատազրկումն ընկալվում է քննադատական ձայները ճնշելու Վրաստանի ներկայիս իշխանության փորձ։
Նրանց կարծիքով, Վրաստանը լայնորեն ընկալվում է որպես մի երկիր, որտեղ հնարավոր են քաղաքական դրդապատճառներով հետապնդումներ և ձերբակալություններ կառավարությանը քննադատող հասարակական գործիչների նկատմամբ:
Եվրախորհրդարանականներն ընդգծել են, որ երկրում քաղբանտարկյալների առկայության փաստն անհամատեղելի է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հետ։
Նրանց կարծիքով՝ Գվարամիայի գործը ցույց է տալիս վրացական դատական համակարգի նկատմամբ անվստահությունը, դատարանի անկախության ու անաչառության բարձրացման անհրաժեշտությունը։
Ըստ նրանց՝ Գվարամիայի գործով դատարանի որոշումը բացասաբար է անդրադառնում նաև լրատվամիջոցների ազատության վրա և էլ ավելի է խորացնում բևեռացվածությունը երկրում։
«Մենք անկեղծորեն հուսով ենք, որ դուք առաջնորդություն կցուցաբերեք՝ Վրաստանը Եվրամիությանն ինտեգրվելու ռազմավարական նպատակին մոտեցնելու համար»,- գրված է նամակում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գործի վերաբերյալ ասել է. «Նախագահը լռում է»:
Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը վճռել է, որ Գվարամիային քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը, որ նախատեսում է ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, մնում է ուժի մեջ։