Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» կանոնադրության մեջ որոշակի փոփոխություններ են գրանցվել, որոնք կուսակցության համագումարի ժամանակ առաջարկել են առաջնորդներ Լևան Բեժիաշվիլին և Թինա Բոկուչավան:
Բեժիաշվիլիի տեղեկատվությամբ, կուսակցությունն այսուհետ քարտուղարություններ չի ունենա և կհիմնվի ծրագրերի ֆինանսավորման վրա:
«Պաշտոններ չեն լինի, կլինեն ծրագրեր, որոնք կֆինանսվորավեն կուսակցության բյուջեից: Գլխավոր քարտուղարի իրավասությունները, քանի դեռ Վանո Մերաբիշվիլին գտնվում է անազատության մեջ, կստանձնի քաղխորհրդի նախագահը: «Միացյալ ազգային շարժում»-ը չի դավաճանում իր սկզբունքներին և առաջնորդներին: Այսօր կընտրենք նաև քաղխորհուրդ և քաղխորհրդի նախագահ: Փոփոխությունների թվին է պատկանում նաև այն հանգամանքը, որ քաղխորհրդի մեջ կներառվեն շրջանային կազմակերպությունների 40 անդամներ»,- հայտարարել է Բեժաշվիլին:
Թինա Բոկուչավայի հայտարարության համաձայն՝ կուսակցությունում կաճի կնոջ դեր: Մասնավորապես «Միացյալ ազգային շարժում»-ը պատասխանատվություն է վերցնում, որ կուսակցության ցուցակի յուրաքանչյուր տասնամյակում կլինի առնվազն 1 կին:
Համագումարին վերոնշյալ փոփոխությունները արդեն ընդունվել են:
Հիշեցնենք, որ մինչ համագումարը կուսակցության անդամ Ակակի Մինաշվիլին հերքել էր կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը վերացնելու մասին տարածված լուրերը՝ նշելով, որ «Միացյալ ազգային շարժման» գլխավոր քարտուղարի պաշտոնում շարունակելու է մնալ այժմ անազատության մեջ գտնվող Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին։