Վրաստանի միասնության պայքարում զոհված հերոսների հուշարձանի տարածքը մարտի 16-ին մարդաշատ էր: Մարդիկ եկել էին` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Աբխազական պատերազմում զոհված զիվորների հիշատակին ու ծաղիկներ խոնարհելու հերոսների հուշարձանին:
Վրաստանի զինված ուժերի 23-րդ բրիգադի 1-ին գումարտակի ղեկավարի տեղակալ Զուրաբ Շամոյանը «Ալիք»-ի հետ զրույցում խոսեց օրվա նախապատմությունից.
«Այս օրը մեզ համար միաժամանակ և ծանր է և ուրախալի. ուրախալի է, որովհետև մենք հաղթել ենք մարտի 16, 17 և 18-ի մարտերը : Սուխումին գրավելու գործողությունը մշակվել էր Մոսկվայում: Մենք առաջին գծում էինք և չթողեցինք, որ ռուսները զավթեն քաղաքըը: Դա ռուսների համար մեծ պարտություն էր: Մեր տղաները հերոսաբար պայքարում էին Սուխումիի համար, սակայն մեր կորուստներն էլ բավականին մեծ էին. միայն 23-րդ բրիգադից 150 զոհ ունեցանք»:
Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանում վետերանների հարցերով պետծառայության տնօրենի տեղակալ Ջանդրիլ Գվիրիան. «Մարտի 15-ի` լույս 16-ի գիշերը Ռուսաստանի գլխավոր շտաբի նախաձեռնությամբ` Սուխումիի վրա բավականին մեծ ու լավ կազմակերպված հարձակում սկսվեց: Նպատակը Սուխումիի գրավումն էր: Ռուսաստանը և նրանք, ովքեր փորձում էին Աբխազիան և կոնկրետ Սուխումի քաղաքը գրավել՝ , այս օրը կրել են մեծ պարտություն: Սա մեր հերոս զինվորների ակնառու վաստակն է: Այդ պատճառով մենք ամեն տարվա մարտի 16-ին գալիս ենք «Հերոսների հրապարարակ» որպեսզի հարգանքի տուրք մատուցենք Աբխազիայում հերոսաբար զոհված մարտիկների հիշատակին»:
Սուխումիի բրիգադի առաջին տեղակալ Սպարտակ Մարխուլիան «Ալիքին» փոխանցեց` մարտի 16-ի հաղթանակով պետք է հպարտանալ. «Այս օրը Վրացական բանակի հաղթանակի օրն է: Ռուսները չկարողացան զավթել Սուխումը, Սուխումիի բրիգադը որի առաջին տեղակալը ես էի, պայքարեց մինչև վերջ: Հետո զինաթափություն տեղի ունեցավ, դրանից 13 օր հետո սուխումցիները շարունակում էին պայքարել, մարտի 15-16 ին Սուխումի բրիգադան կորցրեց 139 զինվոր: Շատ զոհեր ենք ունեցել, բայց թշնամու զոհերի քանակը մեր կորուստներից 4 անգամ ավել էր: Իմ կարծիքով `2008 թվականի պատերազմից հետո միայն սկսեցին գնահատել 93 թվականին Սուխումի ազատագրման համար պայքարողներին: Հասարակությունն արդեն այլ կերպ է գնահատում այն ժամանակվա իրադարձությունները: Իմ կարծիքով այս հաղթանակով պետք է հպարտնալ»:
Հերոսների հրապարակում կարելի էր տեսնել պատերազմի ընթացքում զոհված զիվորների ծնողներին և հարազատներին: 1993 Թվականի Աբխազական պատերազմում զոհված Մալխազ Մաիսուրաձեի մայրը` Նելի Մաիսուրաձեն նշում է. «Մենք Գուդաութիից ենք. Ամուսինս, եղբայրս և որդիս միասին էին կռվում: Որդիս զոհվել է մարտի 16-ին, ամուսինս` փոքր -ինչ ուշ: Նման միջոցառումներ կազմակերպելու համար շնորհակալ եմ կառավարությունից, որ խոստացել է նաև վերահուղարկավորել մեր որդիներին` հերոսների գերեզմանում… տեսնենք… համենայն դեպս շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հարգում են զոհվածների հիշատակը»:
Զոհված հերոսների հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաև Սուխումիի պետական համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները: Համալսարանի վարչության ղեկավար Նինո Թուփուրիձեն նշում է. «Մենք եկել ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու իրական հերոսներին: Չնայած մեծ կորուստներին` վրացական բանակը հաղթանակ է տարել: Եվ այսօր, յուրաքանչյուր վրացի պետք է հարգի զոհերի հիշատակը: Նրանց թափած սուրբ արյունը պարտադրում է մեզ` վերադարձնել Աբխազիան»:
13 ամիս տևողությամբ Վրաց-Աբխազական պատերազմում վրացական զորքերը կռվում էին աբխազ անջատողականների դեմ: 1993 թվականի մարտի 16-ին սահմանամերձ Գումիսթի գյուղում վրացական գումարտակների դեմ ռուսական օդային ուժերն ու հրետանին էթնիկ աբխազ անջատողականների հետ համատեղ հարձակում են սկսել: Բախումները շարունակվել են մինչև օրվա վերջ: Աբխազական կողմը կորցրել է մոտ 1000 զինվոր: Չնայած մարտի 16-ի հաղթանակին՝ ռազմական հաջողությունը հակամարտության ընթացքի վրա ազդեցություն չունեցավ: