Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանն արձագանքելով ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի գործով վերաքննիչ դատարանի որոշմանը, ասել է, որ այն ամենը, ինչը քաղաքական հետապնդման է նման, վտանգի տակ է դնում Վրաստանի եվրատլանտյան ապագան;
Դեգնանը նշել է, որ Վրաստանի ղեկավարները, այդ թվում՝ իշխող կուսակցությունը, խորհրդարանական ընտրություններում վրաց ժողովրդին խոստացել են կարևոր քայլեր ձեռնարկել Վրաստանի եվրաատլանտյան ճանապարհին, և, սակայն առաջ եկող խոչընդոտներն անհանգստություն են առաջացնում։
«Բոլորը տեսել են ԱՄՆ դեսպանատան, Եվրամիության, ինչպես նաև Վրաստանի եվրոպացի մյուս գործընկերների հայտարարությունները։ Այն ամենը, ինչ ԱՄՆ-ն արել է Վրաստանում վերջին 30 տարիների ընթացքում, ուղղված է վրաց ժողովրդի անվտանգ, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի հստակ ընտրության աջակցությանը:
Անկողմնակալ դատական համակարգի կարևորությունը հիշյալ ապագայի համար առանցքային է…»,- ասել է Դեգնանը:
Ի դեպ, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Գվարամիայի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունը ուղղակի միջամտություն է դատարանի անկախությանը։
Նշենք, որ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը Գվարամիայի գործի վերաբերյալ նշել էր՝ երբ Վրաստանի հավատարմությունն անաչառ դատական համակարգին ու ԶԼՄ-ների բազմակարծությանը հատուկ քննության առարկա է, Գվարամիայի շարունակվող ազատազրկումը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի հստակ ընտրությունը, ինչպես նաև վրաց առաջնորդների հայտարարած նպատակը՝ ավելի անվտանգ, ժողովրդավարական, եվրոպական ապագա:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանն որոշել է, որ Գվարամիային քրեական օրենսգրքի 220-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը, որ նախատեսում է ազատազրկում 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում, մնում է ուժի մեջ։
ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը ոտնձգություն է դատարանի անկախության նկատմամբ․ Կոբախիձե