Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով, Վրաստանն աշխարհում առաջիններից է, որը գործնականում կարողանում է կառավարել COVID-19-ը` մնացած շնչառական վարակների պես։
Ցերցվաձեն բնակչությանը խորհուրդ է տվել ակտիվորեն շարունակել կորոնավիրուսի դեմ պատվաստումը, ներառյալ՝ այսպես կոչված «խթանիչ» (booster) դոզայով:
Ըստ Ցերցվաձեի՝ COVID-19-ի համաճարակը դեռ շարունակվում է ինչպես աշխարհում, այնպես էլ Վրաստանում։
«Վերջին շրջանում տեղեկություն է ստացվել, որ Եվրամիության երկրներում կորոնավիրուսով վարակման, հոսպիտալացման և մահացության դեպքերի թիվն ավելանում է, և Եվրոպայում սպասվում է կորոնավիրուսի նոր ալիք. առաջիկա շաբաթները, հավանական է, վարակը կարտահայտվի Omicron շտամի նոր ենթատարբերակով (հավանաբար BQ.1.1): Բայց դա, իհարկե, դեռևս ենթադրություն է»,- ասել է Ցերցվաձեն։
Նա նաև նշել է, որ հոկտեմբերին Վրաստանում նկատվել է COVID-19-ի նոր դեպքերի նվազման միտում՝ օրական միջինում 500-ից հասնելով 200 նոր դեպքի։
Ցերցվաձեի խոսքով, ամենակարևորն այն է, որ Վրաստանում արդեն 7-րդ ամիսն է՝ COVID-19-ից մահացությունների թիվը կայուն պահվում է նվազագույն մակարդակում։