Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» խմբակցության ղեկավար Սերգո Ռատիանին խորհրդարանում «Գազպրոմի» հետ ստորագրված պայմանագրի շուրջ բանավեճի է հրավիրում Վրաստանի կառավարության ներկայացուցիչներին:
Ռատիանին հայտարարել է, որ այն բանից հետո, երբ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարվեց հանդիպել «Եվրոպական Վրաստան» խմբակցության հետ՝ «խախտելով օրենքը», իրենց մնում է միայն խորհրդարանում բանավեճ նախաձեռնել։
«Այսօր «Գազպրոմի» թեման մեր երկրի համար ամենակարևորն է: Քաղաքական բանավեճ ենք պահանջում, քանի որ Կալաձեն չի գալիս մեզ մոտ: Մեծամասնությունը ստիպված է պատասխանել այն հարցին՝ ինչու՞ է իշխանությունը հակապետական քայլ արել՝ վնաս հասցնելով երկրի էներգետիկ անվտանգությանը»,- հայտարարել է Սերգո Ռատիանին:
Ի պատասխան վերջինիս հայտարարության՝ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան հայտարարել է, որ իրենք «խնդիր չունեն ո՛չ բանավեճի, ո՛չ էլ հարցերին պատասխանելու հետ»:
«Այս հարցի շուրջ երկրի առաջին դեմքերը, այդ թվում՝ նախարարը (Կախա Կալաձեն), ով բանակցություններ է վարել, բազմաթիվ մեկնաբանություններ են արել: Երկրի շահերի դեմ որևէ քայլ չի իրականացվել և չի իրականացվի: Երբևէ որևէ որոշում չի ընդունվի, որը կասկածի տակ կդնի երկրի ինքնիշխանությունն ու ազգային շահը: Իսկ խորհրդարանը, իհարկե, նրա համար է, որ բանավեճեր տեղի ունենան»,- հայտարարել է Բեսելիան:
Լուսանկարը՝ «iPress.ge»