Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային բանտում թողնելու փաստին և նշել, որ այն ժամանակ, երբ Վրաստանի հավատարմությունն անաչառ դատական համակարգին ու ԶԼՄ-ների բազմակարծությանը հատուկ քննության առարկա է՝ Գվարամիայի շարունակվող ազատազրկումը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի հստակ ընտրությունը և վրաց առաջնորդների հայտարարած նպատակը՝ ավելի անվտանգ, ժողովրդավարական, եվրոպական ապագա:
Դեսպանատունը նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ԶԼՄ-ների ազատությանը և դատական բարեփոխումներին, որոնք էական նշանակություն ունեն կայուն և հաջող ժողովրդավարություն կառուցելու համար:
«Նույնիսկ ընտրովի հետաքննությունների, հետապնդումների և դատապարտումների ընկալումը խաթարում է հասարակության վստահությունը իրավապահների, դատախազների, դատարանների և հենց կառավարության նկատմամբ…»,- հայտնել են դեսպանատնից:
Ի դեպ, Թբիլիսիի վերաքննիչ դատարանը ևս մեղավոր է ճանաչել Գվարամիային, ըստ այդմ՝ ուժի մեջ է մնացել Թբիլիսիի քաղաքային դատարանի կողմից նրա ազատության կասեցումը 3 տարի 6 ամսով։