Կայացել է վրաց-հունգարական տնտեսական հանձնաժողովի նիստը

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման փոխնախարար Գենադի Արվելաձեի համանախագահությամբ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է Վրաստանի և Հունգարիայի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որն ավարտվել է արձանագրության ստորագրմամբ։

Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը:

Նշվում է, որ հանձնաժողովի շրջանակներում կողմերը քննարկել են Վրաստանի և Հունգարիայի միջև համագործակցության խորացման հեռանկարները հետևյալ ոլորտներում՝ առևտուր և ներդրումներ, զբոսաշրջություն, գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանություն և էներգետիկա, տրանսպորտ, կապ և նորարարություն, կրթություն և գիտություն, մշակույթ, Վրաստան-ԵՄ հարաբերությունները և այն:

Հանձնաժողովի նիստում ուշադրություն է դարձվել նաև Վրաստանի և Հունգարիայի միջև ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրվող բեռների ծավալների ավելացմանը, մասնավորապես, 2022 թվականին նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը կրկնապատկվել է։ Վրացական կողմը հատուկ ուշադրություն է դարձրել և դրական է գնահատել հունգարական Wizz Air ավիաընկերության 10-ամյա գործունեությունը Վրաստանում:

Նշվել է, որ Վրաստանի համար կարևոր է Wizz Air-ով թռիչքների հաճախականության ավելացումը, ինչպես նաև նոր երթուղիների և ուղղությունների ավելացումը, որոնք իրենց հերթին կնպաստեն երկիր միջազգային այցելուների հոսքի ավելացմանը և Վրաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։

«Ելնելով տարածաշրջանում առկա մարտահրավերներից՝ էներգետիկ անկախությունը մեծացնելու նպատակով կողմերը պայմանավորվել են համագործակցել հիշյալ ոլորտում։ Քննարկվել է նաև Սևծովյան սուզանավային մալուխի նախագիծը, որի նկատմամբ  հունգարական կողմը հայտնել է իր հետաքրքրությունը և պատրաստակամություն հայտնել ակտիվ ներգրավվել ծրագրի իրականացմանը»,- նշված է Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ: