Մառնեուլիի քաղաքապետարանը նախատեսում է վերակառուցել հայաբնակ Չանախչի գյուղի երկու թաղամասերը միմյանց կապող կամուրջը:
Մառնեուլիի սակրեբուլոյի պատգամավոր Արսեն Հախվերդյանը «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ կամրջի կառուցումը շատ կարևոր է, քանի որ գարնանը գետի վարարման արդյունքում անհնար էր դառնում գյուղի մի թաղամասից մյուսն անցել:
«Բացի այդ՝ կամուրջն անմխիթար վիճակում է և բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում գյուղացիների համար»,- ասում է Հախվերդյանը:
Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից «Ջի Էմ Քոնսթրաքշն 2022» ՍՊԸ-ի հետ կնքված պարզեցված գնման համաձայն՝ կամրջի վերակառուցման համար նախատեսվում է ծախսել 11 հազար 584 լարի:
Չանախչիի կամրջի շինարարությունը կիրականացվի «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում հատկացված գումարի հաշվին:
«Ջի Էմ Քոնսթրաքշն 2022» ՍՊԸ-ն աշխատանքներն ավարտելու համար ունի 60-օրյա ժամկետ։
Հարկ է նշել նաև, որ Մառնեուլիի քաղաքապետարանը գյուղի աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսում է 5 գյուղերի ճանապարհների ասֆալտապատում, որոնց համար քաղաքապետարանը պարզեցված գնման պայմանագիր է կնքել «Ջի Էմ Քոնսթրաքշն 2022» ՍՊԸ-ի հետ։
«Աջակցություն գյուղին» ծրագրի համար 2022 թվականին կենտրոնական բյուջեից Մառնեուլիի շրջանին հատկացվել է 1 մլն 232 հազար լարի։ Գումարը բաշխվել է գյուղերին՝ ըստ բնակչության թվի։ Յուրաքանչյուր գյուղի համար նվազագույն գումարը 10 հազար լարի է, իսկ առավելագույնը՝ 20 հազար լարի: