Վրաստանի ընդդիմադիր «Գիրչի», «Դրոա» և «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» կուսակցությունները համատեղ հայտարարություն են տարածել:
Ըստ հայտարարության, Եվրահանձնաժողովի 12 կետերին առնչվող որևէ գնահատական, ամենայն հավանականությամբ, չի լինի։ Նրանց խոսքով, գնահատման նախապատրաստումը կսկսվի 2023 թվականի փետրվար-մարտ ամիսներին, կավարտվի և կհրապարակվի 2023 թվականի վերջին և, հավանաբար, կլինի բացասական, այսինքն՝ Վրաստանը կրկին չի կարողանա ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
Ընդդիմադիր երեք կուսակցությունները իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հրավիրում են հանրային բանավեճի:
«Հոկտեմբերի 19-21-ը Բրյուսել կատարած մեր այցի շրջանակներում մենք մի քանի հանդիպում ունեցանք ինչպես եվրոպացի քաղաքական գործիչների, այնպես էլ Եվրահանձնաժողովի այն բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնք անմիջականորեն աշխատում են Վրաստանի և մեր տարածաշրջանի խնդիրների վրա։
Եվրամիության համապատասխան կառույցները կարծում են, որ Վրաստանն ուներ բոլոր նախադրյալները 2022 թվականի հունիսին, Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին, ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու, սակայն «Վրացական երազանքի» որոշ դեպքերում չձեռնարկված քայլերը հասցրին կարգավիճակ չստանալուն»,- նշված է հայտարարության մեջ։