«Երկիրը պետք է ունենա առողջ ընդդիմություն, լինի դա «Միացյալ ազգային շարժումը», թե այլ կուսակցություն»,- այս մասին հայտարարեց Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Կոբա Կոբալաձեն հունվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Կուսակցության պառակտման մասին Կոբալաձեն նշեց.
««Միացյալ ազգային շարժման» անդամներն իրենց ավելի լավ էին զգում, երբ իշխանությունում էին: Այն, որ տեղի կունենա կուսակցության պառակտում գաղտնիք չէ եւ հավանաբար ականատես կլինենք բացասականության զարգացումների»:
Ինչ վերաբերում է երկրի քաղաքականության մեջ ընդդիմության գոյությանը, Կոբալաձեն նշեց, որ «Միացյալ ազգային շարժումը» չի կարող առողջ ընդդիմություն լինել.
«Մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակում մեր դիրքորոշումը ներկայացնել, սակայն երբ սխալվում ենք, մեր դիրքորոշումը կարող է փոխվել:«Միացյալ ազգային շարժումը» չկարողացավ ապացուցել հանրությանը, որ կարող է կոնկրետ ուղղություններով դիրքորոշում ունենալ»:
Հիշեցնենք, հունվարի 20-ին նախատեսվում է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համագումարը, որի արդյունքում պարզ կդառնա կուսակցության նոր կազմը եւ հետագա ճակատագիրը: