Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառում, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Վրաստանի ԱԳ փոխնախարար Վլադիմիր Կոնստանտինիդին ելույթ ունենալով միջոցառմանը, կարևորել է երկու երկրների միջև 30 տարվա ընթացքում հաստատված ամուր բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա։
«Երկկողմ և բազմակողմ ձևաչափերով մեր բարեկամության և բազմակողմ հարաբերությունների երեք տասնամյակները տվել են բազմաթիվ շոշափելի արդյունքներ՝ ամուր հիմք դնելով փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համար, հատկապես քաղաքականության, տնտեսության, կիբերանվտանգության և կրթության ոլորտներում», — ասել է փոխնախարարը։
Վլադիմիր Կոնստանտինիդին ուշադրություն է հրավիրել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ֆինլանդիայի աջակցության կարևորության վրա և շնորհակալություն է հայտնել ֆիննական կողմին՝ ԵՄ մոնիտորինգային առաքելությանն ակտիվ ներգրավվածության համար։
«Խորապես հավատացած եմ, որ Վրաստան-Ֆինլանդիա բարեկամությունը և ապագա համագործակցությունը կարող են կարևոր դեր խաղալ ընդհանուր մարտահրավերների հաղթահարման և ավելի խաղաղ ու պայծառ եվրոպական և եվրաատլանտյան ապագայի ապահովման գործում», — ասել է փոխնախարարը։