Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեի և գերատեսչության մի խումբ պաշտոնյաների հետ, հայտնում է Վրաստանի կառավարության էջը:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է պաշտպանության մասին օրենքի նոր նախագիծը, որը պատրաստվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ։
«Ի թիվս այլ առաջնահերթությունների՝ նոր օրինագծով նախատեսվում է զինակոչային և պահեստային համակարգերի արդիականացում և զինծառայողների սոցիալական պայմանների բարելավում։ Զորակոչային և պահեստազորի համակարգերի արդիականացումից հետո ՊՆ կառավարման նոր մոտեցում կսահմանվի, կստեղծվի զինակոչիկների բոլորովին նոր, ճկուն համակարգ:
Պաշտպանական նոր օրենսգրքի նախագիծը մինչև տարեվերջ կներկայացվի Վրաստանի խորհրդարանի հաստատմանը»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:
Տեղեկության համաձայն, Ղարիբաշվիլին նշել է, որ զինվորների համար արժանապատիվ պայմանների ստեղծումն ու նրանց սոցիալական երաշխիքների ապահովումը կառավարության առաջնահերթությունն է։
Նշվել է, որ նոր օրենսգիրքը ենթադրում է զինծառայողների համար բնակելի բնակարանների տրամադրում և օրենքով սոցիալական երաշխիքների կարգավորում։
«Կառավարության ղեկավարի խոսքով, պաշտպանության նախարարության բյուջեն զգալիորեն աճում է, ինչը հնարավոր է դարձել 2022 թվականին ձեռք բերված երկնիշ տնտեսական աճի շնորհիվ։ Նշվել է, որ «Բանակային քաղաքի» շինարարությունը կավարտվի մի քանի ամսից, 1 000-ից ավելի զինվորականներ կապահովվեն բնակարաններով, և այս ծրագիրը կշարունակվի նաև ապագայում»,- նշված է կառավարության տարածած հաղորդագրության մեջ: