Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ Գիորգի Ջախուան, ում տնից իրավապահները կանեփ են առգրավել հոգևորական չէ: Ներքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Ջախուան աշխարհիկ կյանքով ապրող քաղաքացի է:
Գերատեսչության հաղորդմամբ՝ Գիորգի Ջախուայի տնից առգրավված կանեփի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի առաջին մասի՝ թմրանյութ արտադրելու, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման և վաճառքի հատկանիշներով: ՆԳՆ-ից հերքում են հրազենի առգրավման մասին տարածված լուրը:
Գիորգի Ջախուայի պնդմամբ, ինքը Մարտվիլի շրջանի Սալխինո գյուղում գտնվող մենաստանի սարկավագ է: Նրա խոսքերով՝ իրավապահները իր տնից առգրավել են հնության արժեք ունեցող հրազեն և կանեփ, որն օգտագործել է բուժվելու համար: