Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշիլին հայտնել է, որ Դավիթ Գարեջիի հարցով շարունակում է շփվել և խորհրդակցել ադրբեջանական կողմի հետ։
Դարչիաշվիլիի խոսքով՝ կա կոնկրետ հանձնաժողով, որի շրջանակներում պետք է լուծվի Դավիթ Գարեջիի հարցը։
«Ընդհանուր առմամբ, ես հնարավորություն եմ ունեցել խոսելու երկու ռազմավարական գործընկերների՝ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին։ Այս հարաբերությունները դինամիկ են: Մենք բարձր ենք գնահատում բոլոր այն քայլերը, որ երկու երկրներն անում են միմյանց նկատմամբ։
Իսկ Դավիթ Գարեջիի խնդրով կա հանձնաժողով, որի շրջանակներում պետք է լուծվի այս հարցը։ Այս ուղղությամբ մենք կշարունակենք շփումներն ու խորհրդակցությունները մեր ադրբեջանցի գործընկերների հետ»,- ասել է Դարչիաշվիլին։
Հիշեցնենք՝ վերջին տարիներին պետական սահմանի չհստակեցված հատվածները լարվածություն են առաջացրել վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի 6-րդ դարի վանական համալիրի շուրջ: Վանական համալիրում բազմիցս միջադեպեր են գրանցվել վրացի ու ադրբեջանցի սահմանապահների միջև, բողոքի ակցիաներ են անցկացվել: Իրավիճակը լարվել էր հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը փակել էր համալիր տանող մուտքը:
Դավիթ Գարեջի. Ի՞նչ է կատարվում Վրաստանի և Ադրբեջանի միջև այս օրերին