Անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն սկսել աբխազների և օսերի հետ. ԱԳ նախարար

Ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի` անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն սկսել աբխազների և օսերի հետ։

Այս դիրքորոշումը նախարարը հայտնել է խորհրդարանի լիագումար նիստում՝ ի պատասխան ընդդիմադիր «Եվրոպական սոցիալիստներ» կուսակցության պատգամավոր Փրիդոն Ինջիայի հարցի։ Ինջիան հարցրել է՝ արդյո՞ք Դարչիաշվիլին կարծում է, որ օկուպացված տարածքների վերադարձը հնարավոր է առանց աբխազների և օսերի հետ ուղիղ երկխոսության։

«Այն հարցին, թե ես կարծում եմ, որ ուղղակի երկխոսությունն անհրաժեշտ է` այո՛, հաստատում եմ ձեր հարցը և կարծում եմ, որ ուղղակի երկխոսությունն անհրաժեշտ է»,- պատասխանել է Դարչիաշվիլին։

Նշենք, որ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո խորհրդարանը որոշել է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ։ Սահմանազատման հարցով դե ֆակտո խորհրդարանում ստեղծվել է հատուկ հանձնաժողով։