Ինտիմ բնույթի տեսանյութերի հրապարակման հետ կապված` պաշտոնյաների արձագանքները

«Այս ամենի ֆոնի վրա շատ ամոթալի ու զզվելի է երկրի նախագահի հարուստ սեռական փորձի եւ նրա հարուստ սեռական աշխարհի մասին լսելը» : Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել «միացյալ ժողովրդավարական շարժում» կուսակցության անդամ Դիմիտրի Լորթքիփանիձեն` գավառամտություն որակելով նախօրեին Գիորգի Մարգվելաշվիլիի արած հայտարարությունը:

«Պարտադիր չէ, որ մարդը քաղաքական գործիչ լինի կամ մամուլի ներկայացուցիչ, որպեսզի զգա նվազագույնը լուրջ դիսկոմֆորտ, քանի որ կային եւ հիմա էլ ցավոք սրտի կան այնպիսի քաղաքական խմբեր, որոնք կարողացան վարկաբեկել ողջ քաղաքական դաշտը: Սա շատ լուրջ քաղաքական հարց է»:

Հիշեցնենք, որ վրացական մամուլում ու սոցիալական ցանցերում վերջին օրերին թեժ քննարկումներ են ծավալվել` մարտի 11-ին համացանցում տարածված, նախ` Վրաստանի արտաքին գործերի նախկին նախարար Մայա Փանջիկիձեի մասնակցությամբ անձնական բնույթի տեսանյութի շուրջ, եւ ապա մարտի 14-ի առավոտյան նմանատիպ մեկ այլ տեսանյութից հետո:

«Դուրս եկեք քաղաքականությունից եւ կդադարեցնենք նմանատիպ կադրերի տարածումը, հակառակ դեպքում՝ հանրությունը կտեսնի ձեր մասնակցությամբ այլ տեսանյութեր եւս»,— սպառնում է տեսանյութի հեղինակը:

Իրավիճակը վերլուծելու նպատակով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հատուկ հանդիպում հրավիրեց նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նախագահը հայտարարեց, թե ինչ-որ մութ ուժերի կողմից շանտաժի եւ ահաբեկչության մթնոլորտ է ստեղծվում Վրաստանի հանրային կյանքում` իր աջակցությունը հայտնելով թիրախում հայտնված անձանց, անկախ նրանց քաղաքական հայացքներից.

«Այսօր ուզում եմ պարզ ասել, որ սեքսը ամոթալի բան չէ: Ես ունեմ սեռական կյանք, ունեցել եւ պատրաստվում եմ ունենալ շատ հարուստ սեռական կյանք: Իմացեք, որ կպաշտպանեմ ձեզ ցանկացած իրավիճակում: Իսկ ինչ վերաբերում է այս չար ուժերին, ապա ուզում եմ իմանան, որ յուրաքանչյուրին կգտնելու ենք, եւ նրանց չի հաջողվելու Վրաստանում վախի մթնոլորտ, բռնություն ու ահաբեկչություն տարածելը»:

Վրաստանի «Հանրապետական կուսակցության» անդամ, պատգամավոր Թամար Խիդաշելին ողջունել է ստեղծված իրավիճակում վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի շտապ արձագանքը` հավելելով, որ անհամբեր սպասում է Գլխավոր դատախազության արձագանքին`հաշվի առնելով, որ ապրում ենք տեխնոլոգիաների դարաշրջանում.

«Այսօր տարածված տեղեկատվության համաձայն` արդեն իսկ ձերբակալվել է մեկ անձ: Իհարկե , դժվարանում եմ այս մասին որևէ մեկնաբանություն անել, բայց լավ է, որ դատախազությունը ակտիվ աշխատանքներ է տանում, սակայն մենք բոլորս պետք է ուշի- ուշով հետևենք, որպեսզի հետաքննությունն ընթանա օբյեկտիվ և արագ»:

Լորթքիփանիձեն գտնում է, որ անձնական կյանքին միջամտող տեսանյութերի հրապարակման մեջ նախկին կառավարության ներդրումը կա:

«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել Միխեիլ Սահակաշվիլիի, Վանո Մերաբիշվիլիի, կամ նրանց ընկերների ուղեղներում, ինչը համաձայնեցված չի եղել նրանց գլխավոր գործընկերների հետ: 2006-ին,  երբ Զուրաբ Նողաիդելին էր վարչապետը, ստեղծվեց կիբերանվտանգության միասնական կառավարման համակարգ: Այս հարցում էլ ԱՄՆ-ն դարձավ մեր գլխավոր գործընկերը»:

Դմիտրի Լորթքիփանիձեի խոսքով` այս համակարգը պետք է նպաստեր երկիրը արտաքին միջամտությունից պաշտպանելուն, սակայն այն ծառայեց այլ նպատակների:

«Բնական է` հարց է առաջանում` արդյո՞ք չէին օգտագործում այս նյութերն անձնական կյանքին միջամտող փաստաթղթեր հավաքագրելու նպատակով: 2012-ին, երբ «Վրացական երազանք»-ը իշխանության եկավ, կիբերանվտանգության ամբողջ խումբը ձերբակալվեց, քանի որ պարզվեց, որ ձայնագրություններն օգտագործվում էին մարդկանց դեմ»:

Ի դեպ, խնդրին արձագանքել է նաեւ Վրաստանի «Նախկին քաղբանտարկյալները մարդու իրավունքների համար» կազմակերպության տնօրեն Նանա Կակաբաձեն.

«Կարծում եմ, որ կառավարության դեմ հնչող մեղադրանքները հիմնավոր են: Այս տեսանյութերի հեղինակների դեմ քրեական գործ չի հարուցվել: Տեսանյութերը պետք է ոչնչացված լինեին օրենքի շրջանակներում: Կառավարությունը չպատժեց մեղավորներին, երբ դա իրոք հնարավոր էր: Քանի որ ըստ պաշտոնական տվյալների` այս տեսանյութերը ժամանակին ոչնչացվել էին, ուստի հնարավոր չէ պատժել դրանց իրական հեղինակներին»:

2013 թվականի սեպտեմբերին Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ`առ այն, որ նշված հարցով իրականացված հետաքննությունը բացահայտել է քաղաքացիների անձնական կյանքի վերաբերյալ 180 ժամից ավելի տեւողությամբ ապօրինի ձայնագրություններ, որից հետո քաղաքական որոշում կայացվեց` տեսանյութերը ոչնչացնելու վերաբերյալ:

 

Թողնել պատասխան